
Սպանության համար դատապարտված Ռուսաստանի քաղաքացին պարտավոր է զոհերի հարազատներին փոխհատուցել 9-րդ եւ 40-րդ օրերին «արժանի» հուղարկավորության եւ հոգեհանգստի ծախսերը, ինչի մասին ասվում է ՌԴ Քրեական գործերով Գերագույն դատարանի կոլեգիայի որոշման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է ծեծկռտուքի ժամանակ սպանված երիտասարդի մոր վճռաբեկ բողոքի քննությունից հետո: Մարդասպանը դատապարտվել է մեկ տարի 10 ամիս ազատազրկման անզգուշությամբ մահ պատճառելու համար եւ նրան պարտավորեցրել են զոհվածի մորը վճարել 1 միլիոն ռուբլի բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 1,2 միլիոն ռուբլի, որը կինը ծախսել է որդու հուղարկավորության, սգո ծառայությունների եւ հոգեհանգստի համար:
Ընդ որում, հստակեցվում է, որ հետագա դատերն էապես նվազեցրել են վճարումների գումարը, ինչի արդյունքում սպանվածի մայրը հասել է Ռուսաստանի Բարձրագույն դատական ատյան: Այսպիսով, Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը նշել է, որ Ռուսաստանի օրենսդրության մեջ առկա է «արժանի» հուղարկավորության հասկացությունը։
Գերագույն դատարանում ընդգծել են, որ նշված ծախսերն անհրաժեշտ են թաղման ծիսական գործողություններ կատարելու համար։ Սպանվածի մոր փոխհատուցումը նվազեցնելու որոշումը չեղյալ է հայտարարվել, իսկ գործն ուղարկվել է վերանայման, հաղորդում է «Московский комсомолец»-ը։