Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 26-ին, որոշել է դատավոր Դավիթ Հարությունյանին նիստերի դահլիճից հեռացնել:
Նշենք, որ խորհուրդն այժմ քննարկում է Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
«Միջնորդեցի, որպեսզի նիստն այսօր հետաձգեն, քանի որ իմ փաստաբանները ներկա չէին, ես էլ իմ վարույթում գտնվող տնային կալանքի հարցը քննարկեի: Չհետաձգվեց, նախորդ նիստից հետո հարցերի փուլում էինք գտնվում, երբ Անդրեասյանը 15 րոպեով ընդմիջում հայտարարեց, որից հետո անակնկալ կերպով ձայնագրող սարքը փչացավ: Պահանջեցինք, որ կրիչը տրամադրվի, նույնիսկ պահանջի դեպքում չտրամադրվեց, ասացին, թե ձայնագրությունները վերականգնվել են: Հարցերը հանվում էին, նախարարությունը շատ հարցերի չէր պատասխանում, նշվում էր, թե դրանք էության հետ կապված չեն, իսկ հարցադրումներն այս վարույթի առանձնակի մասնակիցների՝ ԲԴԽ նախագահի և Գրիգոր Մինասյանի հարաբերություններին էր վերաբերում, որոնք վարույթի օրինականության հետ առերևույթ կապ ունեին: Ներկայացված ապացույցներով իրենց իսկ կողմից ստորագրված փաստաթղթերով փաստարկված է, որ վերջիններիս միջև առկա է ֆինանսական կապ. այսինքն՝ բացարկի ենթակա անձինք են: Անդրեասյանի ուղղորդմամբ՝ նախարարության ներկայացուցիչը նշեց, որ հրաժարվում է ընդհանրապես որևէ հարցի պատասխանել, իսկ հարցերը 2 հատորից բաղկացած փաստաթղթեր էին, որոնց հղում տալով ցանկանում էի հարցեր տալ: Վերջում արձանագրեց, թե անցնում են ԲԴԽ անդամների կողմից հարցեր տալու հերթականությանը»,- պատմեց դատավորը:
Հարությունյանն ասաց, որ կրկին հայտարարությամբ է հանդես եկել, պահանջելով, որ թույլ տան՝ իր փաստաբանները ներկա գտնվեն նիստին, ինչպես նաև թույլ տան հարցերը շարունակել.
«Սակայն վերջիններս հեռացան խորհրդակցական սենյակ՝ քննարկելու համար իմ նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը: Նշելով, թե միջամտում եմ ընթացքին և այլն: Իմ նկատմամբ դատական սանկցիա են կիրառել՝ դատական նիստերի դահլիճից հեռացում, բայց նշեցին, որ եթե ես ընդունեմ իմ արարքի հակաիրավականությունը և զղջամ, ապա կվերանայեն դատական սանկցիան: Իմ գույքը, տեխնիկական միջոցները նիստերի դահլիճում են, նիստը շարունակվում է առանց ինձ»:
Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ Կարեն Անդրեասյանի նպատակն ուղղված է իր լիազորությունները դադարեցնելուն. «Նա նույնիսկ չի փորձում դա թաքցնել»:
Նշենք, որ վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է: Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։
Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:











