
«Դանիայի հայրենասերներ» արմատական խմբավորման հինգ ակտիվիստ Կոպենհագենում Եգիպտոսի դեսպանատան դիմաց այրել են Ղուրանը, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Գործակալությունն ընդգծում է, որ սա Դանիայում մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ համանման գործողությունն է։ Մյուս երկուսը խմբավորման անդամները կազմակերպել էին Իրաքի դեսպանատան առաջ․ ուրբաթ՝ հուլիսի 21-ին, նրանք հրկիզել էին Ղուրանն ու անարգել հանրապետության պետական դրոշը, իսկ երեք օր հետո՝ կրկին այրել էին Ղուրանը։
Հունիսի վերջին Ստոկհոլմում Կուրբան-բայրամի տոնակատարության ժամանակ Ղուրանի անարգման և հրկիզման գործողություն տեղի ունեցավ, որը մեծ արձագանք ստացավ։ Այն կազմակերպել էր ծնունդով իրաքցի Սալվան Մոմիկան։ Սա վրդովմունքի ալիք առաջացրեց մուսուլմանական աշխարհում, կատարվածը դատապարտեցին Ալժիրը, Աֆղանստանը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Լիբանանը, Սիրիան, Թուրքիան, Ուզբեկստանը և այլ երկրներ։