
Մայրաքաղաքի ոստիկանության թույլտվությամբ՝ նոր ակցիա է տեղի ունեցել Ստոկհոլմի մերձքաղաքային Մելարեն լճի Էնգբյուբադետ լողափին, որն այնքան էլ հեռու չէ Դրոտտնինգհոլմ թագավորական պալատից, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Ակցիայի կազմակերպիչը ներգաղթյալ կին է Իրանից, նա այրել է Ղուրանը՝ տեղեկացնելով, որ այդ ցույցով կցանկանար ցույց տալ, որ «կրոնը նույնպես քաղաքականություն է»։
Ցույցը անձրեւի պատճառով ամայի լողափին դիտելու էր եկել 15-20 մարդ, որոնց մեծ մասը՝ լրագրողներ։ Կազմակերպիչն ավազի մեջ փոս էր փորել եւ այրել իր հետ բերած չոր ճյուղերը՝ խարույկն անձրեւից պաշտպանելով հովանոցով։ Հետո նա մուսուլմանների սուրբ գրքի էջերին գրել է, որ «սա ոչ լեգիտիմ գիրք է», պոկոտել է այն եւ նետել կրակի մեջ։ Այնուհետեւ կինը բացատրել է, որ մուսուլման է եղել, բայց հիմա դարձել է քրիստոնյա, իսկ ակցիան կատարել է, որպեսզի ցույց տա, որ «իսլամը դեմոկրատական կրոն չէ»։
Ցույցին ներկա էին մոտ հինգ ընդվզողներ, որոնք պահանջում էին դադարեցնել Ղուրանի այրումը եւ վիրավորում էին կնոջը։ Նրանցից մեկը բղավել է. «Գնա քո Իրանը եւ այնտեղ այրիր գիրքը։»։ Մուսուլման կինը խարույկից խլել է այրվող էջերը, ոստիկանությունը ստիպված միջամտել է՝ կանգնելով ընդվզողների եւ ցույցի կազմակերպչի միջեւ։
Ակցիայից հետո կնոջը հարցրել են, թե արդյոք չի մտածում, որ սուրբ գրքեր այրելը կազդի ամբողջ Շվեդիայի անվտանգության վրա, նրա պատասխանը բացասական է եղել։