
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ անօրինական կրոնական գործունեության վերահսկման ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտության մասին, գրում է The Guardian-ը:
Տեքստում նշվում է, որ Ծինփինը Ուրումչի քաղաք է ժամանել շաբաթ օրը, որտեղ լսել է կառավարության աշխատանքի մասին հաշվետվությունը եւ ելույթ է ունեցել պետական գործիչների առջեւ:
Մասնավորապես, ՉԺՀ ղեկավարը պաշտոնյաներին կոչ է արել նպաստել իսլամի չինականացմանը եւ արդյունավետորեն վերահսկել անօրինական կրոնական գործունեությունը։
Չինաստանի իշխանությունները պնդում են, որ այս տարածաշրջանում գործում են անջատողական խմբավորումներ, որոնք կապված են միջազգային ահաբեկչական խմբերի հետ։
2018-ի վերջին Չինաստանը պաշտոնապես ճանաչել է վերադաստիարակության ճամբարների գոյությունը՝ դրանք հայտարարելով ուսումնամարզական կենտրոններ՝ անհանգիստ տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարելու համար: