ԱՄՆ–ն եւ Եվրոպան միասին Հայաստանին Տրանսատլանտյան համայնքին մերձեցնելու ծրագիր են մշակում։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։
«Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հրապարակայնորեն հայտարարել է, որ մտադիր է հանդիպում անցկացնել ԱՄՆ–ի և Հայաստանի հետ՝ նպատակ ունենալով մերձեցնել Հայաստանը մեր համայնքներին։ Ես դա քննարկել եմ մի քանի օր առաջ վարչապետ (Փաշինյանի–խմբ.) հետ, և մենք հիմա փորձում ենք մշակել դրա մոդելը»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
«Առաջարկը, որը ԵՄ-ն կարող է անել առևտրային նախապատվությունների, տնտեսական համագործակցության և միասնական շուկա մուտք գործելու առումով, աներևակայելի կարևոր է: Մենք կարող ենք օգնել այս հարցում», - ասել է Օ'Բրայենը: Նա նշել է, որ դաշնակիցներն այժմ «ճանապարհի մեջտեղում են» և փորձում են հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել տնտեսական ապագան։
Պետքարտուղարի օգնականը նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան աշխատում են Հայաստանի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների վրա՝ հիշեցնելով այս ոլորտում Ֆրանսիայի «նշանակալի» օգնության մասին։
Հարցին, թե ինչ գործիքներ է պատրաստ կիրառել Վաշինգտոնը՝ խաղաղության օրակարգն իր ավարտին հասցնելու համար, եւ արդյոք դիտարկում է հնարավոր պատժամիջոցների կիրառումը, Օ Բրայենը պատասխանել է. «Մենք դիտարկում ենք մեր ունեցած բոլոր գործիքները: Ես չեմ պատրաստվում կանխատեսումներ անել հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ, բայց դա, իհարկե, նույնպես մեր զինանոցի մի տարրն է», - ընդգծել է նա:





























