News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա շատ կարևոր էր հայ համայնքի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հունգարիայի խորհրդարանի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Նիկողոս Հակոբյանը՝ ամփոփելով նախագահի այցը Բուդապեշտ։ 

«Նախագահի այցը շատ կարևոր էր Հունգարիայի հայ համայնքի համար, քանի որ երկար տարիներ չկային դիվանագիտական հարաբերություններ։ Հույս ունենք, որ նախագահի այցը հետագայում խթան կհանդիսանա աշխուժացնելու երկու երկրների միջև կապերը թե՛ մշակույթի, թե՛ գիտության, թե՛ առևտրի ոլորտներում։  Բոլորիս համար մեծ պարծանք էր նախագահի այցը․ վերջապես Հունգարիայում ապրող հայերը հասկացան, որ շարժվեց մի սառույց, որ 12 տարի կանգնած էր։ Հուսով ենք, որ այդ այցը սկիզբն է մեր բարեկամական կապերի զարգացման առումով»,- ընդգծեց Հակոբյանը։

Այս համատեքստում Հունգարիայի խորհրդարանի պատգամավորը կարևորեց հայ համայնքի աշխատանքը։

«Ինչպես Հայաստանի նախագահը նշեց, Հայաստանը պետք է բոլոր պետությունների հետ ունենա լավ հարաբերություններ։ Չմոռանանք, որ հուլիսից Հունգարիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը, և դա շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար։ Որպես հայ համայնք՝ մենք էլ այստեղ շատ աշխատանք ունենք իրականացնելու»,- ասաց Հակոբյանը։

Հարցին, թե Հայաստանը ի՞նչ ուղղությամբ պետք է աշխատի Հունգարիայի հետ հարաբերությունները զարգացնելու համար, Հակոբյանը պատասխանեց․

«Գաղտնիք չէ՝ Հունգարիան շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Տարիներ շարունակ Հունգարիան շատ ճկուն քաղաքականություն է վարում՝ ինչպես Հայաստանն է կարևոր Հունգարիայի համար մշակութային, կրոնական առումով, այնպես էլ Թուրքիան ու Ադրբեջանը՝ բիզնեսի և առևտրի առումով։ Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք զգոն ու աշխույժ»,- շեշտեց Նիկողոս Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հունգարիան շատ վաղուց էր պատրաստակամ հայ-հունգարական հարաբերությունները վերականգնելու հարցում։

«Շատ անգամ հունգարական կողմը հայ համայնքին էր խնդրում, որպեսզի մենք լինենք հարաբերությունների վերականգնման կամուրջը և կարողանանք այդ հարաբերությունները շտկել: Հունգարիան միշտ դիմել է հայ համայնքին, որպեսզի դիվանագիտական կապերը նորից վերականգնվեն և երկու պետությունների միջև լինի առևտուր և շարժ։ Ինչպես Հայաստանի նախագահն ասաց, քաղաքականության մեջ պետք է լինել պրագմատիկ և ճկուն»,- եզրափակեց Հակոբյանը։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է հասնի ռամիլ սաֆարովին Հունգարիա վերադարձնելուն՝ պատիժը կրելու համար
ռամիլ սաֆարովը պետք է վերադարձվի Հունգարիա...
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնվել են․ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխնախարարին
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր...
Ամենաշատ