News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2004թ. փետրվարի 19-ին ՀՀ Զինված ուժերի զինծառայող Գուրգեն Մարգարյանը, որն անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, քնած ժամանակ կացնահարվեց ադրբեջանցի սպա ռամիլ սաֆարովի կողմից։ Դատավարությունը տեւեց մի քանի տարի։ Հունգարիան մարդասպանին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առանց 30 տարի ներման իրավունքի։ 2008թ. այցով Երեւանում գտնվող՝ Հունգարիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Կինգա Գենցը, պատասխանելով սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու մասին հարցին, նշել էր, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան այդ պարտավորությունը չունի։ «ռամիլ սաֆարովի արարքը  հունգարական հասարակության համար ցնցում էր։ սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի։ Բոլոր հարցերը, որոնք վերաբերում են սաֆարովին, կդիտարկվեն շատ լրջորեն։ Ամենագլխավոր հարցն այն է, թե արդյոք սաֆարովն Ադրբեջանում կկրի ցմահ բանտարկություն, թե ոչ»,- ասել էր նախարարը։ Իշխանության գալով՝ վարչապետ Վիկտոր Օրբանը գործարքի գնաց Ադրբեջանի իշխանությունների հետ եւ համաձայնեց արտահանձնել հանցագործին։ Նույն օրը՝ 2012թ. օգոստոսի 31-ին Հայաստանը դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Հարաբերությունները վերականգնվել են 2023թ.։

Ողբերգության 20-ամյա տարելիցի առիթով NEWS.am-ի թղթակիցը զրուցել է իրավաբան, փաստաբան Նազելի Վարդանյանի հետ, որը ներկայացնում էր հայկական կողմը դատավարությունում եւ որի ջանքերով հաջողվեց հասնել մեղադրական դատավճռի։

Տիկին Վարդանյան, ինչպե՞ս պատահեց, որ հանցագործն արտահանձնվեց։

2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը դատավճիռ կայացրեց եւ ցմահ բանտարկության (առանց 30 տարի ներման իրավունքի) դատապարտեց սաֆարովին։ Բայց հանցագործության կատարման պահից ութ տարի անց՝ 2012թ. օգոստոսի 31-ին նրան արտահանձնեցին Ադրբեջանին։ Օգոստոսի 5-ին, համապատասխան տեղեկություն ունենալով, ես դիմեցի տարբեր ատյաններ՝ թե՛ ԱԳՆ, թե՛ նախագահի աշխատակազմ, որպեսզի նրանք կանգնեցնեն ընթացքը։ Եթե մենք այն ժամանակ աղմուկ բարձրացնեինք, արտահանձնումը չէր լինի։ Բայց, ցավոք, բոլորը հանգստանում էին, ոչ մեկի գործը չէր, եւ այդպես մենք փաստացի կորցրինք հաղթանակը, որին հաջողվել էր հասնել մեծ աշխատանքով։ Օգոստոսի 30-ին մենք մամուլի ասուլիս հրավիրեցինք, ղեկավարության ուշադրությանը ներկայացրինք, բայց արդյունքի չհասանք։

2013թ. փետրվարին ես բողոք պատրաստեցի ՄԻԵԴ-ին՝ Հունգարիայի եւ Ադրբեջանի դեմ մարդու իրավունքների խախտման մասին։ Միայն 2020թ. մայիսի 26-ին ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Ադրբեջանի դեմ, Հունգարիայի դեմ հայցը մերժվեց։ ՄԻԵԴ որոշման համաձայն՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը եւ իրականացրել էթնիկական խտրականություն։ Այդ որոշումից հետո մենք կարող էինք դիմել ԵԽ նախարարների կոմիտե եւ պահանջել սաֆարովին վերադարձնել Հունգարիա՝ պատիժը կրելու համար։ Բայց այդ որոշումից հետո շատ չանցած տեղի ունեցան հայտնի իրադարձությունները. հուլիսին, օգոստոսին, պատերազմ, եւ դատավարությունը կանգ առավ։ Բայց ես կշարունակեմ եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի արդյունքի հասնեմ։ Բայց այս ամենում կա նաեւ անհեթեթ, եթե չասեմ՝ ահավոր պահ։ Թեեւ որոշումը հօգուտ Հայաստանի էր, Հայաստանը հանդես եկավ որպես կողմ, գտնվեցին մարդիկ մեզանում, որոնք բողոքարկեցին այդ որոշումը։  Բարեբախտաբար, ՄԻԵԴ բարձրագույն պալատը պարզապես չընդունեց բողոքը։ Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ կառավարությունը դիմի ԵԽ նախարարների կոմիտե եւ հետեւողականություն ցուցաբերի՝ հասնելով սաֆարովի վերադարձին Հունգարիա։ Երբ հանցագործությունն անպատիժ է մնում, այն նոր հանցագործություն է ծնում։

Շատ տարիներ անցան, մինչեւ որ հասկացա իսկական պատճառը, թե ինչու հանցագործությունը կատարվեց հենց փետրվարի 19-ին, հենց Բուդապեշտում։ Չէ՞ որ Հունգարիան այն եվրոպական երկիրը չէր, որտեղ նման հանցագործությունը կարող էր ամենամեծ աղմուկը բարձրացնել Ադրբեջանի տեսակետից։ սաֆարովը քննության եւ դատի ժամանակ  պնդում էր, որ ցանկանում էր «նշել Խոջալուի օրը այդ սպանությամբ»։ Այն, որ հանցագործությունն, այնուամենայնիվ, կատարվել է այլ օր, սաֆարովը բացատրել է նրանով, որ «կացին է գնել եւ չի կարողացել զսպել իրեն»։ Ես այն ժամանակ էլ էի ասում, որ սպանությունը պատվիրված էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, ես դրանում հիմա էլ եմ համզոված։ Բայց այն ժամանակ անհնար էր ապացուցել դա, եւ եթե ես գնայի այդ ճանապարհով, մենք փակուղի կմտնեինք եւ ոչնչի չէինք հասնի։ Հետագա իրադարձություններն ապացուցեցին իմ ճշմարտացիությունը։ Շատ փողեր ծախսվեցին սաֆարովի արտահանձնման վրա փորձագետներին կաշառելու համար, որոնք կեղծ վկայություններ տվեցին, անգամ դեսպանություն բացվեց Բուդապեշտում, չնայած այնտեղ շատ փոքրաթիվ ադրբեջանական համայնք է ապրում։ Բոլոր գործողությունները վկայում էին Ադրբեջանի բարձր իշխանության հետաքրքրվածության մասին։ Ես դիմեցի հետաքննող լրագրողների հայտնի բրիտանական կազմակերպություն։ Նրանք պարզեցին, որ Ադրբեջանի փոխվարչապետը օֆշորային գոտում ընկերություն է բացել, Ադրբեջանից փոխանցվել է 76 մլն եվրո Օրբանին (Հունգարիայի վարչապետ- խմբ.), հաջորդ օրը ընկերությունը փակվել է։ Ավելի ուշ Ալիեւը բացահայտ ներդրումներ էր խոստանում 230 մլն եվրոյի չափով Հունգարիայի տնտեսությունում։ Որքան հիշում եմ, իր խոստումը նա չի կատարել։ Կաշառքով եւ խոստումներով սաֆարովին հայրենիք վերադարձնելով՝ Ալիեւը նրան կոչումներ տվեց, բնակարան նվիրեց, վճարեց հունգարական բանտում գտնվելու 8 տարվա աշխատավարձը։ Այսինքն՝ բանտում գտնվելն Ադրբեջանի իշխանությունները դիտարկում են որպես «աշխատանք»։

Ուրեմն ինչո՞ւ հենց փետրվարի 19-ին եւ հենց Բուդապեշտում։ 2003թ. իշխանության գալով՝ Ալիեւը որոշեց վրեժ լուծել առաջին պատերազմի, պարտության համար։ Քանի որ Ադրբեջանում հաշվելու հետ լավ են, նկատի ունեմ, որ նրանց գործողությունների մեծ մասը հարմարեցվում է այս կամ այն թվին եւ կրում է խորհրդանշական բնույթ, առաջին հանցագործության պատվերը համընկավ նույն թվականի մայիսին ղարաբաղյան հրադադարի մասին Բիշքեկի համաձայնագրի պատրաստման տարեթվին։ Դրանով իսկ Ալիեւը ցույց տվեց աշխարհին եւ սեփական քաղաքացիներին, որ պատերազմ է սկսում Հայաստանի դեմ եւ չի հանգստանա, մինչեւ վրեժ չլուծի։

f59b14568a54d4_59b14568a54ec.thumb (1).jpg (54 KB)

Ադրբեջանի իշխանությունները նակինո՞ւմ էլ փորձում էին հասնել սաֆարովի արտահանձնմանը։

Ադրբեջանի իշխանությունները փորձեր են ձեռնարկել սաֆարովին վերադարձնել ամենօրյա ռեժիմով։ Բայց քանի որ Օրբանի նախորդները հիանալի գիտեին, թե ինչով կավարտվի դա, հրաժարվում էին՝ չցանկանալով նպաստել ստոր հանցագործի ազատմանը։ Օրբանի կառավարության հետ Ալիեւին հաջողվեց պայմանավորվել շատ արագ, եւ պատահական չէ, որ Օրբանն առ այսօր ադրբեջանամետ քաղաքականություն է վարում։

Ինչո՞ւ Հայաստանը չի փորձում սահմանափակել սաֆարովի տեղաշարժը։

Այդ հարցը հուզում է նաեւ ինձ։ Կատարված հանցագործության հաջորդ օրը, ՀՀ օրենսդրության համապատասխան, զինվորական դատախազությունում հարուցվեց քրեական գործ։ Այն ժամանակ գլխավոր զինվորական դատախազը Գագիկ Ջհանգիրյանն էր։ Բացի նրանից, որ քրեական գործ հարուցվեց, որեւէ այլ բան չարվեց։ Անգամ ինձ, որպես մարդու, որին ամենից շատ բան էր հայտնի դատավարության եւ հունգարական դատախազության կողմից հետաքննվող գործի մասին, նրանք ոչ մի անգամ չդիմեցեին։ Նրանք արդեն այն ժամանակ պետք է հայտարարեին միջազգային հետախուզում սաֆարովի հանդեպ։ Եվ հիմա էլ ուշ չէ։ Կա դատարանի որոշումը, այն ոչ ոք չի չեղարկել, 30 տարվա ընթացքում սաֆարովն առհասարակ չի կարող դիմել ներման համար։ Այն, որ Ալիեւը ներում է շնորհել, դա տեղի է ունեցել հենց Ադրբեջանի օրենսդրության խախտմամբ, այն օրենքների, որոնք Ալիեւն ինքն է  ստորագրել։ Ադրբեջանի օրենքներով սաֆարովը կարող էր հավակնել ցմահ բանտարկությունը 20 տարվա բանտարկության փոխարինմամբ, ընդ որում՝ նախապես 10-ամյա պատիժը կրելուց հետո։ Կա հունգարական դատարանի որոշումը, կա ՄԻԵԴ որոշումը, Հայաստանը կարող է գոնե կասեցնել սաֆարովի տեղաշարժը՝ նրա հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելով։ Ընդհանրապես, արձագանքն Ադրբեջանի գործողություններին պետք է լինի անհապաղ, իսկ մենք արձագանքում ենք ուշացումով։ Սխալներից պետք է դասեր քաղել։

սաֆարովի արտահանձնումը խախտո՞ւմ էր Հունգարիայի համար։

Խախտում եղել է, բայց ՄԻԵԴ-ը այդպես չի համարել։ Հունգարիան ներկայացրել է փաստաթղթեր, որոնք հաստատում են Ադրբեջանի երաշխիքները, որ հանցագործը կշարունակի կրել պատիժը։ Թեեւ բոլորին է հասկանալի, որ Հունգարիան, իրականացնելով իսկապես արդար արդարադատություն, գնացել է արտահանձնման՝ հիանալի իմանալով, թե ինչով կավարտվի դա, եւ որոշումը քաղաքական էր։ Դիվանագիտական հարաբերությունների խզումը հազիվ թե Հունգարիայի վրա մեծ տպավորություն գործեց։

Հայաստանը միացել է  ՄՔԴ-ին՝ դա բացատրելով նրանով, որ դա կօգնի պատասխանատվության կանչել Ադրբեջանի ռազմական հանցագործներին։ Բայց չէ՞ որ Հռոմի ստատուտը թույլ է տալիս դա անել նաեւ առանց ՄՔԴ-ին միանալու։ Ի՞նչն էր խանգարում ՄՔԴ դիմելուն։

Ոչ մի բան չէր խանգարում։ Կա միջազգային պրակտիկա, այդպես եղավ Հարավսլավիայի եւ Ռուանդայի դեպքում։ Մենք եւս կարող էինք դիմել եւ տրիբունալ պահանջել ադրբեջանցի հանցագործների նկատմամբ։ Դա չի արվել։ Ինչո՞ւ՝ կարող եմ ենթադրել, որ բանն անտեղյակությունն է։

Դուք նշեցիք, որ չպատժված հանցագործությունը նոր հանցագործություններ է ծնում...

Իհարկե, սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանի իշխանություններին եւ հասարակությանը լավատեսության մեծ լիցք հաղորդեց եւ անպատժելիության զգացում ներշնչեց։ Հաջորդող իրադարձությունները հաստատում են դա՝ 2014թ. հարձակումը, 2016թ. քառօրյա պատերազմը եւ այլն։ Սկիզբը դրվեց այն ժամանակ։ սաֆարովի արտահանձնմամբ Ալիեւը բարձրացրեց իր ժողովրդի ոգին, ցույց տվեց, որ հասնում է իր ուզածին, ցույց տվեց, որ հայերը հետեւողական չեն իրենց հաղթանակները եւ ձեռքբերումները պաշտպանելու հարցում... Թեեւ գործընթացը Հունգարիայում Ադրբեջանի իշխանությունների վրա շատ թանկ նստեց բոլոր իմաստներով. ծախսվեց շատ փող, էապես տուժեց երկրի հեղինակությունը։ Ադրբեջանի գործողություններին մենք պատասխանեցինք դաժան դիմադրությամբ, կոնկրետ ես արեցի ամեն ինչ, որպեսզի դատավճիռը լինի մեղադրական, եւ այդպես էլ եղավ։ Այն, ինչ մենք արեցինք, նկատի ունեմ դիվանագիտական մակարդակում, ցույց տալն էր, թե ով է Ալիեւը կացնով, հիմա արդեն ուղիղ իմաստով, ինչով է շնչում, որ նա ոչ մի բանի առջեւ կանգ չի առնի։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ վայնասուն կբարձրացնեին ադրբեջանցիները, եթե հակառակը պատահեր։ Կաշառք, կեղծումներ, սուտ, հանցագործություններ. Ադրբեջանը փորձում է իրականացնել իր օրակարգը եւ հասնել առաջադրված նպատակներին։ Քանի դեռ Ադրբեջանը չի զգացել մեր ուժը՝ կանգ չի առնի։ Ամենուր, լինի միջազգային մակարդակում, դատարաններում, որտեղ ասես։ Աչք փակելը եւ պատասխանից խուսափելը ճիշտ չէ։ Եվ խոսելով ուժի մասին՝ բնավ նկատի չունեմ միայն զենքով կռվելը։ Բուդապեշտում մեր շահած դատը այդ ուժի դրսեւորումներից մեկն էր։

Զրուցեց Մարիամ Լեւինան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի հայ խորհրդարանականը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը…
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնվել են․ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ փոխնախարարին
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր...
Ամենաշատ