News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, օրերի ընթացքում ազատման դիմում է գրել 4 դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ 4 տարի առաջ դատավորները ընդհանուր «չաթ» են ունեցել, քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ քաղաքական հարցեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի եւ նրա մտերիմների հասցեին դատավորները հնչեցրել են հայհոյանքներ։

«Չաթում» ազատման դիմումներ գրած դատավորներից բացի, ըստ հրապարակումների, եղել է նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, եւ, ըստ հրապարակումների, հենց նա էլ նամակները սքրին է արել ու դրանք հասցրել իշխանականներին։ Նկատենք, որ միայն Ռուբիկ Մխիթարյանն ազատման դիմում չի գրել։ Ազատման դիմումներ գրած դատավորները սակայն որեւէ ձեւով չեն անդրադարձել այս հրապարակմանը։

Չորս դատավորների ազատման պատճառը, ըստ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի․ «Պայմանավորված է մի անբարոյականի վաստակի գործողություններով»։

NEWS.am-ի հարցին, թե ո՞ւմ մասին է խոսքը, Ազարյանն ասաց․ «Ինձ թվում է՝ բոլորը գիտեն ում մասին է խոսքը։ Ցավոք, սրտի միությունն արդեն նման պայմաններում անզոր է։ Այլ բան է, եթե հրաժարականներ ներկայացրած դատավորները բարձրաձայնեն՝ ինչի մասին է խոսքը, բոլորը գիտեն, սակայն բոլորը լռում են»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ կատարվածը մտահոգիչ է դատավորների համայնքի համար, հատկապես որ նրանցից մեկը բարձր վարկանիշ ունեցող դատավոր Արշակ Վարդանյանն է․

«Բոլորիս համար իբր անհայտ պատճառներով 4 դատավորներ իրենց դիմումների համաձայն դադարեցրին իրենց լիազորությունները։ Ցավալիորեն նշենք նաեւ, որ նրանց շարքերում է նաեւ Հայաստանի լավագույն դատավորներից Արշակ Վարդանյանը, ինչը, կարծում եմ՝ եթե ունենայիննք դատական համակարգ, Բարձրագույն դատական խորհուրդ, ԲԴԽ նախագահ, առնվազն շատ ցավալիորեն պիտի դա ընդունվեր, որովհետեւ նման կարգի դատավորներ ու պրոֆեսիոնալներ ամեն օր չէ, որ կարող են հայտնվել դատական համակարգում։

Ինքնին հարցն այնքան մտահոգիչ է, որ կարող ենք արձանագրել նաեւ պետության որպես այդպիսին վախճանը։ Դատավորն իշխանությունների ճյուղերից մեկի կրողներն է։ Երբ 4 դատավոր անհայտ պատճառներով աշխատանքից ազատվում են արդեն իսկ խոսում է, որ այս պետության մեջ ինչ-որ բան այնպես չէ, որովհետեւ այդ անձինք ի վերջո քաղաքապետարանի ավտոբուսի վարորդները չէին, որ գնացին աշխատանքից, դե երեւի հոգնել էին»։

Փաստաբանն մեզ հետ զրույցում ընդգծեց՝ միայն այն հանգամանքը, որ իշխանությունների ցանկությամբ կարող են օրերի ընթացքում 4 դատավոր հրաժարական տալ, խոսում է այն մասին, որ անկախ դատական համակարգ Հայաստանը չունի․

«Մամուլում հրապարակված այն փաստերը խոսում են այն մասին, որ դատական համակարգը Հայաստանում մահացել է։ Խոսքն այն մասին է, որ տարիներ առաջ 5 դատավոր ինչ-որ ընդհանուր չաթ են ունենում, քննարկվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հարցը, իշխանությունների հարցը եւ ինչպես բոլորը, այնպես էլ իրենք արտահայտվել են, խոսել են, քննարկել են, ինչը, փաստորեն արդեն հասու է դարձել քաղաքական իշխանություններին։ Միայն այն հանգամանքը, որ քաղաքական իշխանությունների ցանկությամբ կարող են օրերի ընթացքում 4 դատավոր հրաժարական տալ, խոսում է այն մասին, որ անկախ դատական համակարգ մենք չունենք։ Այդ դատավորները մեզանից լավ են պատկերացնում, թե օրինակ՝ հրաժարական չտալու դեպքում իրենց ինչ է սպասվում։ Մամուլում շրջանառվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի անունը, որը, ըստ հրապարակումների, եղել է այդ չաթում, նա միակն է, որ հրաժարական չի տվել։ Ակնհայտ է, որ առնվազն ողջամիտ կասկած այդ հրապարակումների մասին, որ ինքն է մատնել մյուսներին, առաջացնում են»։

Երվանդ Վարոսյանը շեշտեց, որ եթե այդ հրապարակումները հաստատվեն, ապա գործ ունենք «մատնելու» դեպքի հետ․ «Այդ անձը զբաղեցնում է դատավորի պաշտոնը, ինչպե՞ս է նա արդարադատություն իրականացնելու։ Այս հանգամանքը բաց հետաքննության կարիք ունի։ Այդ անձի վարած դատական նիստից առաջ ես պիտի իմանամ այդ մա՞րդն է, թե՞ ոչ։ Եթե ես իմանամ, որ նա այդ քայլին գնացած մարդն է, ես այդ դահլիճում անելիք չունեմ։ Նրա ներս մտնելուց ես պարտավոր եմ ոտքի կանգնել, ես իրեն պիտի դիմեմ «պատվարժան դատարան», եթե այդ ամենը ճիշտ է, ես իրեն ինչպե՞ս դիմեմ, ինչպե՞ս ոտքի կանգնեմ։ Ես անձամբ պահանջում եմ բաց հետաքննություն։ Այդ նամակագրությունը եւ մատնողի անձը պետք է բաց լինի։ Եթե այդ «մատնողն» իրական է, ապա նա ի՞նչ գործ ունի դատարանի դահլիճում, նա ինչպե՞ս է մտնում դատարան, ինչպե՞ս է նստում այդ աթոռին․ կամ էլ պետք է մեզ ապացուցեն։ ԲԴԽ-ն պետք է բացատրություն տա, որ մենք հասկանանք, բա ձեր գործը ո՞րն է, Նիկոլ Փաշինյանին անհաճո դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկե՞լ է։ Բացահայտեք, հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել»։

Իրենք՝ դատավորները, իրենց խմբակային հրաժարականի պատճառների մասին հստակ չեն խոսում, Բարձրագույն դատական խորհուրդն էլ NEWS.am-ին պարզաբանեց, թե անձնական պատճառների վերաբերյալ հարցադրումները պետք է ուղղել ազատման դիմումներ ներկայացրած դատավորներին: «Ներկայացված 4 դիմումներից միայն մեկում է մատնանշվել հրաժարականի պատճառը: Մասնավորապես, պարոն Մարաբյանը դիմումում նշել է, որ ցանկանում է զբաղվել գիտական եւ իրավապաշտպան գործունեությամբ: Միաժամանակ, 4 դատավորներից 2-ը ցանկություն են հայտնել մասնակցել իրենց դիմումի քննարկման նիստին: Մասնավորապես, պարոն Մարաբյանը եւ պարոն Մարդանյանը սահմանված կարգով հրավիրվել են իրենց դիմումների քննարկման նիստին եւ պատասխանելով ԲԴԽ անդամների հարցերին լրացուցիչ տեղեկատվություն չեն տրամադրել»,- ասաց ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Տպել
Ամենաշատ