News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միության ակտիվ անդամների վրա ուղիղ կամ անուղղակի ձեւով ճնշում է գործադրվում պետական մարմինների եւ իշխանությունների կողմից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 2-ին ասել է «Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպության ղեկավար, Արցախի նախկին պետքարտուղար Արտակ Բեգլարյանը։

Նա ավելացրել է, որ դա տեղի է ունենում նաեւ սպառնալիքների տեսքով։ «Բայց մենք ասել ենք, որ գործելու ենք բացառապես օրենքի շրջանակում»,- նշել է Բեգլարյանը։

Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել զուսպ լինել, գործել բացառապես օրենքի շրջանակում եւ չփորձել անօրինական ճնշում գործադրել կազմակերպության անդամների վրա։  «Այսօր գրանցվել է նման դեպք»,- ընդգծել է նախկին պաշտոնյան։

Նրա խոսքով՝  պայքարի արդյունքում Հայաստանի կառավարությունը որոշ չափով վերանայել  եւ բարելավել է իր նախկին մոտեցումները։

«Եթե մեր պայքարի սկզբում հայտարարվում էր, որ ապրիլից էապես կրճատվելու են աջակցության ծավալները բնակվարձի փոխհատուցման հարցում, ապա մարտի վերջին հաստատվեց նոր որոշում մինչեւ տարեվերջ ծրագիրը երկարացնելու եւ շահառուների ցուցակում նաեւ 2020թ հարկադրյալ վերաբնակներին ներառելու մասին։ Սա կարեւոր արդյունք է, բայց կարեւոր շատ սկզբունքային հարցերում խնդիրները դեռ լուծված չեն։

Արցախի բնակիչների հետ հանդիպումներն արդեն ավելի ակտիվ են անցկացվում, բայց հաճախ տեսնում ենք, որ իշխանությունները ձեւացնում են հանրային քննարկումներ, քանի որ ներկայացուցչական բնույթ չեն կրում, ներառական բնույթ չեն կրում, դրանում ներգրավված չեն  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ։ Սկզբում պետք է ներկայացված լիներ հանրային քննարկման նախագիծը, իսկ եթե դա չկա, ապա դա հանրային քննարկում չէ, այլ կարծիքների փոխանակում։ Կառավարությունը խուսափում է մեզ հետ հանդիպումներից»,- ասել է Բեգլարյանը։

Նա ավելացրել է, որ Փաշինյանը հայտնել է, որ Արցախի բնակիչները չեն ցանկանում Հայաստանի քաղաքացիություն վերցնել, քանի որ իբր չեն ցանկանում ծառայել բանակում։

«Նման խնդիր չկա։ Արցախցի հազարավոր զինվորականներ, որոնք եկել են Հայաստան անցած տարվա սեպտեմբերի վերջին եւ ցանկացել ծառայել ՀՀ ԶՈւ-ում, բախվել են բազմաթիվ բյուրոկրատական խնդիրների։ Թող իշխանությունները միջանկյալ լուծում գտնեն, եւ այդ ժամանակ կտեսնեն, որ արցախցիները պատրաստ են ծառայել Հայաստանի ԶՈւ-ում։ Մենք Հայաստանը մեր հայրենիքն ենք համարում»,- նշել է կազմակերպության ղեկավարը։

Նրա գնահատմամբ՝ քաղաքացիությունը փոխելը կարող է բացասական ազդեցություն ունենալ Արցախ վերադառնալու հեռանկարի վրա։ «Հայաստանի կառավարությունը պատասխանատվություն չի վերցնում Արցախ արցախցիների հավաքական վերադարձի համար։ Դա մեզ համար սկզբունքային խնդիր է»,- ընդգծել է նա։

Բեգլարյանը չի բացառել ապագայում եւս մեկ հանրահավաքի անցկացման հնարավորությունը։

«Երրորդ Արցախյան պատերազմոմ զոհված մարտիկների, զոհվածների եւ անհետ կորածների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը, իր հերթին, կարծում է, որ իշխանությունները երկարացրել են ծրագրի ժամկետը (40 հազար դրամ + 10 հազար դրամ), քանի որ հասկացել են, որ հակառակ դեպքում կարող են բախվել արցախցիների դժգոհությանը՝ անկանխատեսելի հետեւանքներով։

«Նրանք այդ որոշումն ընդունել են մեր հանրահավաքն սկսելու նախորդ օրը։ Եթե Հայաստանի իշխանություններն իսկապես մտահոգված են Արցախի բնակիչների խնդիրներով, ապա ինչու են խուսափում մեզ հետ հանդիպումից։ Դա նշանակում է, որ նրանք ձեւացնում են»,- ասել է նա։

Ֆինանսավորման խնդրի լուծման համար Ասրյանն առաջարկել է ստեղծել ֆոնդ, որտեղ կարող են միջոցներ նեդնել ողջ աշխարհի հայերը եւ միջազգային կազմակերպությունները։

«Քաղաքացիության հարցը կառավարությունը մշտապես դարձնում է շահարկումների առարկա՝ բազմաթիվ խոչընդոտներ ստեղծելով։ Ես չեմ հավատում Հայաստանի իշխանությունների խոսքերին այն մասին, որ եթե արցախցիները վերցնեն, ինչպես իրենք են ասում, քաղաքացիություն, ապա աջակցության ծրագրերը չեն կրճատվի»,- նշել է նա։

Ասրյանը հիշեցրել է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։

«Եթե համեմատենք Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն ժամանակ եւ հիմա, ապա տպավորություն է ստեղծվում, որ դրանք տարբեր մարդիկ են։ Ինչպե՞ս կարող ենք դրանից հետո վստահել նրանց»,- ամփոփել է հասարակական կազմակերպության նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ