News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Միջազգային մամուլը երեկ լայնորեն անդրադարձել է ամիսներ շարունակ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հացադուլին: Թեման լուսաբանել են բազմաթիվ   միջազգային հեղինակավոր պարբերականներ, այդ թվում՝ Reuters-ը, BBC-ն, Agence France Presse-ը, AP-ն, Washington Post-ը, The Indepandet -ը, ABC News-ը և այլն: Նրանք հիմնականում հրապարակել են ընտանիքի հայտարարությունը, ըստ որի Վարդանյանը  հացադուլն սկսել  է ապրիլի 5-ին, մինչդեռ ընտանիքն այդ մասին իմացել է  միայն ապրիլի 18- ին: Նշվում է, որ Ռուբեն Վարդայանն այդ քայլով պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալներին և ապահովել «միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն»։

Միջազգային մամուլն ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների խախատումներին՝   հաղորդելով, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը: 

Figaro-ն և РБК-ն հարցազրույցներ են հրապարակել  Վարդանյանի  ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Վերջինս ասել է, որ ընտանիքը որևէ տեղեկություն չունի նրա առողջական վիճակի մասին։

РБК-ի հետ զրույցում Դավիթ Վարդանյանն ասել է, որ ընտանիքը չունի Ռուբեն Վարդանյանի  առողջական իրական վիճակի մասին հավաստի տեղեկություններ ստանալու հնարավորություն։ «Մենք վախենում ենք նրա առողջության, նրա վիճակի համար։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ հենց այդ ժամանակից ի վեր նրան այլևս չեն տվել զանգի հնարավորություն», - ասել է Դավիթ Վարդանյանը:

Figaro-ի հարցին, թե հոր  բանտարկելուց հետո արդյոք Բաքվի իշխանություններից տեսակցության թույլտվություն խնդրե՞լ է, Դավիթ Վարդանյանը պատասխանել էր. «Հայի համար Բաքու գնալն անհնար է:  Մենք հույս ունենք, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած Ֆրանսիայից, կարող են դա անել՝ գնահատելու համար նրա, ինչպես նաև Արցախի մյուս բանտարկված գործիչների կալանքի պայմանները և առողջական վիճակը։ Դա պետք է անել հնարավորինս արագ։ Քանի դեռ ուշ չէ»։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել էին սեպտեմբերի 27-ին՝ Արցախից Հայաստան մուտք գործելու պահին։ Այնուհետև նրան կալանավորել էին չորս ամսով, իսկ հունվարին կալանքը երկարաձգել էին ևս չորս ամսով։ Ադրբեջանը Վարդանյանին շինծու մեղադրանքներ է առաջադրել, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սահմանն ապօրինաբար հատելու, ահաբեկչություն ֆինանսավորելու, ապօրինի զինված խմբավորումներ ձևավորելու և դրանց գործունեությանը մասնակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ