Արտաքին սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել, մեր հարեւանները (Թուրքիան եւ Ադրբեջանը) աչք են դրել մեր հայրենիքի վա։ Այս մասին հունվարի 28-ին Եռաբլուրում ասել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը վերջին 100 տարիներին կրծելով պոկել են մեր հայրենիքի կտորները։ Չալաբյանն ավելացրել է, որ բանակը թե՛ հայոց պետության ողնաշարն է, թե՛ երկրի ամենահեղինակավոր կառույցը։
Նա նշել է, որ Հայաստանը մշտական վտանգի մեջ է, եւ նման պայմաններում գոյություն ունենալու եւ զարգանալու համար պետք է առավելագույն հոգածություն ցուցաբերվի բանակի նկատմամբ։ «Վերջին տարիներին մեր բանակը բախվել է լուրջ մարտահրավերների, բայց ես վստահ եմ, որ այն կվերականգնվի եւ կշարունակի իր փառավոր ճանապարհը։ Եթե ուզում ենք պահպանել մեր հայրենիքը, պետք է բոլորս միասին պաշտպանենք այն»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
«Հայաքվեի» մեկ այլ ներկայացուցիչ՝ Մենուա Սողոմոնյանն իր հերթին կեղծ է անվանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արարատի մասին հռետորաբանության պատճառով երկրին կարող են զենք չվաճառել։
Նա կոչ է արել Փաշինյանին անդրադառնալ ցանկացած հայ պաշտոնյայի գոնե մեկ պաշտոնական հայտարարությանը, որը երբեւէ խոսել է Արեւմտյան Հայաստանի տարածքների վերադարձի մասին։ «Փաշինյանը չի կարող անել դա։ Բացի այդ, թող ավելի լավ պատասխանի այն հարցին, թե ինչու 2024թ. ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար հատկացված 5,8 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 1,1 մլրդ դրամը։ Այս տողով նախատեսված բյուջեի բոլոր հոդվածները եւ ծախսերը 2021-2024թթ. թերակատարվել են»,- եզրափակել է Սողոմոնյանը։











