News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սպասումները, թե Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնական Անկարան կառաջարկեր վերականգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, արդարացված չէին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, հավելելով, որ դա զարմանալի էր, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը արտացոլված չէր որեւէ թուրքական կուսակցության (այդ թվում իշխող) նախընտրական ծրագրերում:

Նրա խոսքով, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում` կապված ԼՂ խնդրի կարգավորման հետ, որից հետո միայն պատրաստ է անդրադառնալ հայ-թուրքական գործընթացին:

«Թուրքական կողմն իր պարտքն է համարում անընդհատ հիշեցնել մեզ այդ մասին: Հետեւաբար, արդեն վաղուց եկել է ժամանակը, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունն այդ արձանագրություններից եւ բանակցություններին ներկայացնի 3 պարբերությունից կազմված նախագիծ: Դրանից հետո կարելի կլինի սպասել, մինչեւ Թուրքիան ցանկություն հայտնի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,-ասաց Մանոյանը:

Անդրադառնալով փաստին, որ վերջին ժամանակներս պաշտոնական Անկարան իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ անել Հայաստանի իշխանության հասցեին, դաշնակցական գործիչը նշեց, որ դա Թուրքիայի իշխանությունների սովորական վիճակն է` աջ ու ձախ բոլորին դասեր տալ եւ տեղի-անտեղի փորձել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել:

Սակայն, ըստ նրա, այդ վարքը կարող է հակառակ արդյունք տալ: «Աշխարհը տեսավ, որ հայ-թուրքական գործընթացի ձախողման մեղավորը Թուրքիան է, որը ներկայումս անում է ամեն բան, որպեսզի հայկական կողմը հետ չկանչի իր ստորագրությունը: Այդ արձանագրությունները ձեռնտու են Թուրքիային եւ արդեն եկել է ժամանակը, որ Հայաստանն իր շահերից ելնելով հետ կանչի իր ստորագրությունը եւ չփորձի սիրաշահել Եվրոպային, ցույց տալով, թե ինչ վստահելի գործընկեր է ինքը»,-ամփոփեց Մանոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ