News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պերմ քաղաքում փետրվարի 11-22-ին անցկացվել է «Երիտասարդ հայրենասերների» հավաք-մրցույթը, որին մասնակցել են նաեւ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Միջոցառումը, որի կազմակերպիչը ՌԴ ՆԳ նախարարությունն է, անցկացվում է ՌԴ նախագահի «Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության» ծրագրի շրջանակներում: Հավաքներին մասնակցել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Հայաստանի ներքին գործերի, զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական եւ ուսումնական հաստատությունների 34 խմբեր:

Մրցույթն անցկացվել է մի քանի փուլերով եւ ներառել` ռազմական եւ մասնագիտական տարբեր բնագավառներ: Մ. Մելքոնյանի անվան վարժարանի սաները հաջողությամբ հանձնել են կրակային, գրոհային, ընդհանուր արգելագոտու հաղթահարման, ինչպես նաեւ ռազմական տեղագրության, կրակային, հակահրդեհային պաշտպանության, դանակի նետման ստուգարքները եւ զբաղեցրել են 2-րդ տեղը: Վարժարանի սաները 2011թ. նույնպես մասնակցել են այս մրցույթին` զբաղեցնելով 3-րդ տեղը:

Բացի վերոնշյալ ստուգարքներից` հավաքների ընթացքում անցկացվել են նաեւ մրցումներ «Օրվա հերոս» եւ «Լավագույնները մարզումների ժամանակ» անվանակարգերում, որոնց ժամանակ հայ պատանիները զբաղեցրել են 1-ին տեղը: Ոչ պակաս կարեւոր է եղել նաեւ «Այցեքարտ» անունով մրցույթ-ցուցադրությունը, որի ընթացքում մեր տղաները ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունը, Երեւան քաղաքը, ՀՀ Զինված ուժերի եւ ռազմամարզական վարժարանի պատմությունը, պարային եւ մշակութային ցուցադրություններ:

Հյուրընկալող կողմն, իր հերթին, ամեն ինչ արել է մասնակիցների առօրյան ուսանելի եւ բազմազան դարձնելու համար: Կազմակերպվել են հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրություններ, ներկայացվել են սպառազինության եւ հատուկ սարքերի նոր նմուշներ, կազմակերպվել են հանդիպումներ Մեծ հայրենականի վետերանների, զինվորական բարձրաստիճան սպաների ու մշակութային գործիչների հետ: Զուգահեռաբար, մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու մարտավարամասնագիտական, ռազմավարական, փորձագիտական եւ այլ դասընթացների:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ