News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է մարմնավաճառների թվի աճ: Պաշտոնական հստակ տվյալներ գոյություն չունեն, սակայն իրավապահ մարմինների անունը բացահայտել չցանկացող աղբյուրը NEWS.am-ին հայտնեց, որ ավելանում են եւ մարմնավաճառների հավաքատեղիները, եւ այդ հավաքատեղիներում մարմնավաճառների թիվը: Տեղի է ունենում նաեւ մարմնավաճառության «երիտասարդացում»: Բացի այդ` ակտիվանում է մարմնավաճառությունը մարզերում` Գյումրիում, Կապանում եւ այլն:

ՀՀ ոստիկանությունից պաշտոնապես NEWS.am-ին պարզաբանեցին, որ մարմնավաճառների նկատմամբ վարչական տուգանքներ կիրառելու որոշումն ընդունում են համայնքները, ուստի պետք է յուրաքանչյուր համայնքից տեղեկատվություն ստանալ վարչական պատասխանատվության ենթարկվածների մասին: Մարմնավաճառների թվի մասին որոշ տեղեկություն կարելի է ստանալ նաեւ առողջապահության նախարարության մաշկավեներական դիսպանսերից, սակայն այնտեղ այցելում են ոչ բոլոր մարմնավաճառները (որպես կանոն` մոտ 200-300 հոգի): Մեր գնահատականներով` Հայաստանում 1000-ից ավելի մարմնավաճառ կա, ու նրանց մի մասը գալիս է Ռուսաստանից կամ այլ երկրներից: Սեքս-բիզնեսի տարեկան շրջանառությունը Հայաստանում գնահատվում է մոտ 50 մլն դոլար: Համեմատության համար` Ռուսաստանում դա մոտ 1 մլրդ դոլար է:

Երեւանում հասարակաց տներն այնքան էլ մոդայիկ չեն, ինչպես այլ երկրներում, սակայն բազմաթիվ հյուրանոցներ իրենց ծառայություններում հաշվի են առնում հատկապես կարճաժամկետ հանդիպումների համար առանձնասենյակների տրամադրումը:

Դրանց գինը տատանվում է 3-8 հազ. դրամի սահմաններում` 2-3 ժամի համար: Աղջիկներին պետք է գտնել կամ փողոցից, կամ ինտերնետից, կամ պարզապես զանգի միջոցով: Մարզերում այս առումով կա առանձնահատկություն: Օրինակ` Կապանում մի հասարակաց տուն կա, որ գտնվում է հենց դպրոցի կողքին, ու որտեղ հավաքվում են տեղի ու հարեւան քաղաքների մարմնավաճառները: Հասարակաց տան տիրուհին Աղուն անունով մի գեր կին է, ով միջնորդ է մարմնավաճառների ու հաճախորդների միջեւ: Սակայն մարմնավաճառին ընտրելուց ու պայմանավորվածություն ձեռքբերելուց հետո նրան միեւնույն է` պետք է տանել որեւէ հյուրանոցային համար: Ի դեպ` գները զգալիորեն էժան են Երեւանի համեմատ` մոտ 30 %-ով:

Հատկանշական է, որ այդ Աղունին հաջողվել է Կապանից դուրս վանել իր հիմնական մրցակցին ու մենաշնորհ ձեռք բերելով` բարձրացնել գները:

Ինտերնետի զարգացումը որոշ չափով հեշտացրել է մարմնավաճառների հետ շփումը: Վերջերս մեծ աղմուկով բացեցին ու փակեցին armgirls.am կայքը, սակայն դրանից ավելի վաղ եւ ներկայում էլ մարմնավաճառներին կարելի է գտնել chat.am կամ mamba.ru հասցեներով: Այնտեղ մի քանի տասնյակ մարմնավաճառներ են գրանցված, որոնք նույնիսկ առանձնացված էջեր ունեն:

Սակայն այդ կայքերը հատուկ սեքս ուղղվածություն չունեն, դրանք պարզապես ծանոթությունների համար են նախատեսված, ուղղակի ակտիվորեն օգտագործվում են մարմնավաճառների կողմից:

Ռուսաստանում վերջերս շատ ակտիվորեն սկսել են քննարկել մարմնավաճառության օրինականացման անհրաժեշտության խնդիրը: Բացի այդ` այդ երկրում մարմնավաճառների ծառայություններ առաջարկող կայքերը գործնականում չեն փակվում:

Մարմնավաճառության օրինականացման հարցը ակտիվորեն քննարկում են նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Ամենայն հավանականությամբ` Ռուսաստանում դրա օրինականացումից հետո Հայաստանում եւս քննարկումներ կբացվեն: Նշենք սակայն, որ Գերմանիան 10 տարի առաջ օրինականացրեց մարմնավաճառությունը, ու հիմա գերմանական ոստիկանությունն առաջարկում է վերանայել այդ օրենքը: Պատճառն այն է, որ Ռումինիայից ու Բուլղարիայից հազարավոր մարմնավաճառներ են լցվել Գերմանիա, ու դրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը գործնականում անհնար է:

Մարմնավաճառության օրինականացման կողմնակիցները գտնում են, որ այդ կերպ հնարավոր կլինի հետեւել աղջիկների առողջությանն ու վարակներից զերծ պահել նաեւ նրանց հաճախորդներին: Բացի այդ` կան մարդկանց խմբեր (միայնակ մարդիկ կամ հաշմանդամներ), որոնք իրենց սեքսուալ պահանջմունքները կարող են հոգալ միայն մարմնավաճառի միջոցով: Կնվազեն նաեւ սեքսուալ հողի վրա գրանցվող հանցագործությունները:

Օրինականացման հակառակորդները գտնում են, որ դա չի նպաստի մարմնավաճառության նվազմանը, իսկ կավատները պարզապես օրենսդրական սողանցք են ստանում պատասխանատվությունից խուսափելու համար:

Սամվել Ավագյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ