News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը գտնվում է Բաքվում եւ մասնակցում է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանին:

Ինչպես Բաքվից NEWS.am-ին հայտնեց պատվիրակության անդամ, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ադրբեջանական կողմը ձեռնարկել է անվտանգության բոլոր միջոցները: «Նորմալ դիմավորել են, տեղավորել, այս պահին կոմիտեների նիստն է»,- նշեց Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ վաղը`ապրիլի 3-ին մեկնարկելու է երկրորդ նստաշրջանը. «Չորս կոմիտեներում քննարկվում են զեկույցները: Տվյալ ոլորտների նախարարների ներկայացուցիչներ են եկել»:

Հարցին, արդյոք ադրբեջանական կողմից թշնամության որեւէ դրսեւորում նկատե՞լ են, թե` ոչ, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Քանի որ գիշերն ենք տեղ հասել, իսկ հիմա եկել ենք Միլլի Մեջլիսի շենք եւ նիստերին ենք մասնակցում, այստեղ էլ Եվրոպայից ժամանած 60 պատգամավոր կա, դեռեւս թշնամական վերաբերմունքի չենք հանդիպել: Ընդամենը աշխատանքային մթնոլորտ է: Որեւէ միտինգի, ցույցի չենք հանդիպել»:

Հովհաննես Սահակյանը նաեւ խնդրեց իր անունից շնորհավորել Հանրապետական կուսակցության ստեղծման 22-ամյակը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, 11 հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկված են 8 պատգամավորներ` Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Լիլիթ Գալստյանը, Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, նաեւ ներկայացուցիչներ Ազգային Ժողովի աշխատակազմից:

Նստաշրջանի ընթացքում քննարկվելու են Բելառուսի մասնակցության հարցը, նախատեսված է հատուկ փորձագիտական սեմինարի անցկացում` «Հաջող նախագծեր, խոչընդոտներ եւ հեռանկարներ Եվրամիության եւ «Արեւելյան գործընկերության» երկրների էներգետիկ ոլորտում» թեմայով:

«Եվրանեսթը» «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական բաղադրիչն է, որին անդամակցում են Եվրախորհրդարանի եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) պատգամավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ