Մեկ տարի առաջ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամները գրավեցին ոստիկանության Երեւանի պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Խումբը պահանջում էր ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Գնդի գրավման ժամանակ զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավելի ուշ` Գագիկ Մկրտչյանն ու Յուրի Տեփանոսյանը, 5 ոստիկան էլ պատանդառվեց, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Հուլիսի 17-ից ոստիկանությունը փակեց ՊՊԾ գնդին հարող բոլոր փողոցները: Խորենացի փողոցում ինքնաբուխ հանրահավաք սկսվեց՝ ի աջակցություն «Սասնա ծռերի»: Հուլիսի 26-ի լուսաբացին Արթուր Սարգսյանն իր մեքենան սննդամթերքով բեռնելով՝ ճեղքեց ոստիկանական շղթան եւ սնունդ հասցրեց «Սասնա ծռերին»: Հետագայում նրան «Հաց բերող» կոչեցին: Հուլիսի 29-ին ոստիկանների եւ «Սասնա ծռերին» աջակցող ցուցարարների միջեւ բախումներ գրանցվեցին Սարի թաղում եւ Խորենացի փողոցում, բերման ենթարկվեց 165 քաղաքացի: Հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» խումբը որոշում կայացրեց հանձնվել ոստիկանությանը:

Այսօր «Սասնա ծռերի» գործով 32 հոգի է անցնում: Գործով դատաքննության փուլին հասնել, սակայն, դեռեւս չի հաջողվում:

Ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի դիմաց այսօր մոմավառություն էր կազմակերպվել՝ ի հիշատակ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների: «Սասնա ծռերի» աջակիցներն իրենց հերթին Ազատության հրապարակում երթ են կազմակերպել:

Սերժ Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի վերջին թողարկման հյուրն է եղել ու խոսել արցախյան հակամարտության, բանակի, քաղաքականության, տնտեսության եւ այլ թեմաներով: Նախագահի լիազորությունների ավարտից հետո իր՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է՝ մինչեւ 2018 թվականի ապրիլը դեռ հսկայական ժամանակ կա: Նաեւ հավելել է. բազմաթիվ անգամներ ասել է, որ երբեք չի մտածել, թե որն է լինելու իր գործունեության հաջորդ ոլորտը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը նախագահը դրական է գնահատում, տնտեսության դրական տեղաշարժեր, նաեւ ներդրումների հնարավորություն է տեսնում: Խոսելով նախորդ կառավարությունների չիրականացած խոստումների, մասնավորապես՝ տնտեսական աճի մասին, Սերժ Սարգսյանն ընդունել է. այո՛, խոստացել են ավելին, բայց պակաս ցուցանիշ է արձանագրվել, բայց չի կարծում, որ պետք էր ցածր նշաձող դնել, իսկ հետո կուրծք ծեծել, թե ավելին ենք արել:

Սերժ Սարգսյանն աշնանը հանդիպելու է ադրբեջանցի պաշտոնակցի հետ: Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին նախնակական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում: Նախագահը, սակայն, այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի:

Ինչ վերաբերում է շփման գծում միջադեպերին եւ ադրբեջանական սադրանքներին. Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտի, թե ով է հրադադարը խախտող կողմը, սակայն համանախագահները չեն կարող ամեն անգամ մատնանշել այդ մասին: Այդ հարցով նույնիսկ ոչ պաշտոնական միջավայրում զրուցել է եռանախագահներից մեկի հետ:

Հայաստանում ակտիվորեն քննարկում են Ռուսաստանի պետդումայի խոսնակի հայտարարությունը՝ կապված հայկական վարորդական վկայականները Ռուսաստանում ճանաչելու պայմանի հարցի հետ: Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական վկայականները ճանաչվեն Ռուսաստանում: Հարցը Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը:

Բանն այն է, որ այս տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական վկայական ունեցող վարորդներին երկրի տարածքում աշխատելն արգելող օրենքը, իսկ հուլիսի 14-ին Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական վկայականներով։ Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները փաստացի հետին պլան են մղվում: Վոլոդինը հակադարձել է. օրենսդրության մեջ ռուսերենը որպես պաշտոնական լեզու ամրագրեք եւ հայ վարորդները նույնպես կկարողանան աշխատել Ռուսաստանում: Արա Բաբլոյանն էլ հայտարարել է. Հայաստանի օրակարգում նման հարց չկա եւ չի էլ սպասվում:

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը խելամիտ կապ չի տեսնում վարորդական վկայականի եւ Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու միջեւ: Նա նաեւ վկայակոչել է Սահմանադրության 20-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»: Սա, ըստ Դանիելյանի, Սահմանադրության այն հոդվածներից է, որը կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով:

Ռուսաստանում Լենա գետում միջանցիկ ջրանցքում Հայաստանի քաղաքացի է խեղդվել: Փրկարարները դուրս են բերել 21-ամյա Նարեկ Հակոբյանի դին: Երիտասարդը Լոռու մարզի Սպիտակ քաղաքից էր, քառօրյա պատերազմի մասնակից: Նա սոցիալապես անապահով ընտանիքից էր: Մեկ տարի առաջ էր ավարտել զինվորական ծառայությունը, իսկ երեք ամիս առաջ Ռուսաստան էր մեկնել՝ արտագնա աշխատանքի, հիվանդ մոր բուժման համար գումար վաստակելու: Նարեկ Հակոբյանի մարմինը Հայաստան են տեղափոխելու՝ այստեղ հողին հանձնելու համար:

Իջեւանի բժշկական կենտրոնում նորածին է մահացել: Երեխայի հարազատները կատարվածի համար բժիշկներին են մեղադրում: Մահացած երեխայի մայրը՝ 23-ամյա Էլինա Սաղոյանը, ծննդատուն է ընդունվել հուլիսի 14-ի առավոտյան: Էլինայի հայրը պնդում է, որ բժիշկները ձգձգել են նախածննդաբերական շրջանը, որպեսզի երեխան բնական ճանապարհով լույս աշխարհ գա, մինչդեռ կարող էին կեսարյան հատում անել: Արտավազդ Սաղոյանի խոսքով՝ հղիության 9 ամիսների ընթացքում 23-ամյա Էլինան անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, որեւէ խնդիր կամ բարդություն բժիշկները չեն արձանագրել: Երեխան երիտասարդ զույգի առաջնեկն էր: Հավելենք, որ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենը հրաժարվել է մեկնաբանություններից՝ հորդորելով սպասել քննության ավարտին:

Լոռու մարզում նախօրեին որոտացած կայծակը լուրջ վնասներ է պատճառել Օձունի բազմաթիվ տների: Համայնքում տների տանիքներ ու ապակիներ են կոտրվել, հոսանքալարեր են վնասվել ու այրվել: Տներից մեկում կայծակի հարվածից հեռուստացույցն օդ է բարձրացել ու մեկ մետր հեռու ընկել, փչացել են սառնարանը, գազօջախը, համակարգիչն ու լվացքի մեքենան: Կայծակի հետեւանքով վնասվել են նաեւ մի քանի տների էլեկտրաէներգիայի եւ գազի հաշվիչները՝ հրդեհի պատճառ դառնալով: Վնասի չափը ճշտելու համար հանձնաժողով է ստեղծվել:

Երեւանում հուլիսի 16-ին գույների տոն էր: Մայրաքաղաքում արդեն երրորդ անգամ անցկացվեց գունազարդ վազքը՝ Yerevan Color Run-ը: Այս տարի առաջին անգամ միջոցառումը կազմակերպվել էր Հանրապետության հրապարակում: Կազմակերպիչները հավաստում են, որ միջոցառմանը մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի ավելանում է:

Հուլիսի 17-ին դոլարը շարունակել է թուլանալ, փոխարենը եվրոն թանկացել է եւս 2 դրամով: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 548, ռուբլունը՝ 8 դրամ 9 լումա, ֆունտինը՝ 625 դրամ:

Հուլիսի 18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն: https://news.am/arm/news/400734.html

Եվ մեկ նախազգուշացում ԱԻՆ-ից. հուլիսի 19-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, առկա է հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով: