Ազգային ժողովում այսօր ե՛ւ դահլիճում, ե՛ւ միջանցքներում թեժ մթնոլորտ է եղել: Խորհրդարանը նախ վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Կողմ են քվեարկել 87, դեմ՝ 7 պատգամավորներ, բոլորը՝ «Ելք» խմբակցությունից: Հարցի շուրջ երեկ բուռն ելույթ էր ունեցել Նիկոլ Փաշինյանը:

Այսօր նա նույնքան բուռն ելույթ է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում մատակարարվող ռազմական տեխնիկայի առկայության եւ նպատակային օգտագործման վերահսկողության մասին համաձայնագրի քննարկման ժամանակ: Կարծում է, որ այդ համաձայնագրով Ռուսաստանը շարունակում է խլել մեր ինքնիշխանությունը: Ելույթում Փաշինյանը հիշատակել է Արտաշես Գեղամյանին ու ակնարկել Հանրապետական խմբակցության պատգամավորի կոմունիստական անցյալը: Գեղամյանն էլ տեղից բղավել է՝ «Չափդ մի կորցրու»:

Կարճ ժամանակ անց, պարզվում է, Փաշինյան-Գեղամյան վիճաբանությունը խորհրդարանի միջանցք է տեղափոխվել: Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, թե Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Ազգային ժողովի ամբիոնից այդ մասին խոսել է «Ելք»-ի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Արտաշես Գեղամյանը, սակայն, հերքել է. որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ եթե ինչ-որ մեկին հարվածեր, հետեւանքները լուրջ կլինեին, ինքը բռնցքամարտով է զբաղվել:

Խորհրդարանի միջանցքներում լուրեր են պտտվել, որ միջադեպին ականատես է եղել պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, նույնիսկ բաժանել է գործընկերներին: Բայց Ազիզյանը հերքել է. ոչինչ էլ չի տեսել: Իսկ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը տարօրինակ է պարզաբանել միջադեպը. որեւէ երկրի խորհրդարան ապահովագրված չէ նման դեպքից:

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Ֆինանսների նախարարը զեկուցել է. սեպտեմբերի 1-ից Հայաստանի նախագահի աշխատակազմում 54 հաստիք է կրճատվել, արդյունքում 2017 թվականին 29.1 մլն դրամ կտնտեսեն: Վարդան Արամյանն առաջարկել է տնտեսված միջոցները փոխանցել կառավարության պահուստային ֆոնդին:

Եթե գործարարները նոր աշխատատեղեր ստեղծեն, կառավարությունը 30%-ի չափով կաջակցի աշխատավարձերի ֆինանսավորման մասով: Այդքան գումար կնվազեցվի գործատուների կողմից վճարվող շահութահարկից: Հարցը ներկայացնող ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հույս ունի, որ նախագիծը կխթանի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետն էլ հանձնարարել է այնպես անել, որ տնտեսվարողներն ազատվեն ավելորդ վարչարարությունից:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարարը խոսել է ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրինագծից: Ասել է, որ ընտանեկան բռնությունից պաշտպանությունն անհրաժեշտ է, իսկ օրինագծի հետ կապված տարօրինակ մեկնաբանությունների պատճառով նախարարությունը որոշել է հանրային քննարկում կազմակերպել: Դավիթ Հարությունյանը նաեւ պատասխանել է կարծիքին, թե օրենքի նախագիծը դեմ է հայկական ավանդական արժեքներին:

Համացանցում տարածված Շենավանի գյուղապետի՝ որսացած երկու սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարները բուռն քննարկումների եւ քննադատությունների առարկա է դարձել. Արթուր Մկրտչյանն ընկերների հետ բռնել է սպանված անգղերի թեւերից ու լուսանկարվել: NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, երիտասարդ գյուղապետը նշել է, որ Կարմիր գրքում գրանցված անգղերին ինքը չի սպանել, ընդամենը լուսանկարվել է Բագարան-Երվանդաշատ ճանապարհին ընկած սպանված թռչունների հետ:

Ի՞նչ մանրամասներ են պարզվել եւ ի՞նչ պատասխատվության կենթարկվի Շենավանի գյուղապետը, եթե նրա մեղքը հաստատվի: Հարցով լրագրողները դիմել են բնապահպանության նախարարին: Քննության առանձնահատկությունները վկայակոչելով՝ Արծվիկ Մինասյանը լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել: Ի դեպ, Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը նաեւ փորձել է ինքնապաշտպանության դիմել. հայտարարել է, թե անգղերի այդ տեսակի ներկայացուցիչներ Հայաստանում չեն ապրում, այլ Թուրքիայում: Որսի սիրահար գյուղապետի այս պարզաբանումը, սակայն, ավելի է սրել իրավիճակը եւ համացանցում մեմերի առարկա դարձել:

Մոսկվայում հայ գործարար է սպանվել: Արսեն Փափազյանին հիվանդանոց են տեղափոխել կրծքավանդակի եւ թոքի հրազենային վնասվածքներով: Փափազյանը Վորոնեժի Հանրային պալատի անդամ էր, «Անի» քրիստոնեա-մշակութային կազմակերպության նախագահը: Որպես հիմնական վարկած դիտարկվում է պատվիրված սպանությունը: Ռուսական աղբյուրների համաձայն՝ Արսեն Փափազյանն ազդեցիկ գործարար էր, զբաղվում էր շինարարությամբ, ռեստորանների եւ սրճանների սեփականատեր էր: Նա ակտիվ մասնակցել է նաեւ հայկական սփյուռքի կյանքին:

Ռուսաստանում հայկական միկրոավտոբուս է վթարի ենթարկվել: «Mercedes Sprinter»-ը դուրս է եկել ավտոճանապարհից եւ հայտնվել առվակում: Պատահարի ժամանակ մեքենայում 16 մարդ է եղել: Զոհեր չկան, երկու ուղեւորներ՝ 56-ամյա Գոհար Հակոբյանն ու 50-ամյա Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկի եւ Մինվոդիի հիվանդանոցներ: Մեքենան ընթացել է Նիժնի Նովգորոդ-Երեւան երթուղով, այն ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում է իրականացրել: Տուժածներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ Գոհար Հակոբյանը շարունակում է բժիշկների հսկողության տակ մնալ: Նրա վիճակը կայուն է:

Դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկացել են, ֆունտը՝ էժանացել: Հոկտեմբերի 5-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 8 դրամ 33 լումա, ֆունտինը՝ 631 դրամ:

Հոկտեմբերի 6-10-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն: