Վազգեն Սարգսյանի եւ Արմեն Սարգսյանի հարաբերություններում խնդիրների մասին այս օրերին շատ է խոսվում: ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն օրերս լրագրողների հետ զրույցում հերքել էր այդ լուրերը՝ հորդորելով չշահարկել դրանք: Այսօր հարցին անդրադարձել է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Նա նախկին վարչապետի՝ եղբորն ուղղված նամակն է հրապարակել, որը Արմեն Սարգսյանը գրել է հրաժարականից անմիջապես հետո: Վազգեն Սարգսյանի եղբայրը կարծում է, որ եթե այս նամակից հետո էլ «կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն կասկածի տակ դնել Վազգենի ու Արմենի փոխադարձ հարգանքն ու հարազատ լինելը, մեղմ ասած բարոյական չէ»:

Նշենք, որ 1997 թվականին վարչապետի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտն էր, բայց պաշտոնական հիմնավորումն արտերկրում բուժում անցնելու անհրաժեշտությունն է: Իսկ նախագահի թեկնածուն սկսել է արտերկրում հայ համայնքների հետ հանդիպումները: Այսօր Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել:

Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստերի ավարտից հետո, կառավարության առաջարկով, խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում: Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, որ բազմաթիվ օրինագծեր են կուտակվել, եւ կառավարման խորհրդարանական համակարգի անցումից ելնելով՝ օրենքները պետք է ժամանակին ընդունվեն:

Ի դեպ, այսօր ամենաշատը խոսել է հենց արդարադատության նախարարը: Հարությունյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման անցումից հետո սպասվող փոփոխությունները: Դրանցից ամենաուշագրավը վերաբերում է կառավարության աշխատանքին. նոր վարչապետի օրոք գործադիրի նիստերը դռնփակ են լինելու: Կառավարության ղեկավարը, իհարկե, պարտավորված կլինի ապահովել կառավարության գործունեության հրապարակայնությունը, սակայն կառավարության անդամները չեն կարողանա առանց վարչապետի թույլտվության որեւէ տեղեկատվություն տրամադրել: Դավիթ Հարությունյանը միջազգային փորձն է վկայակոչել:

Լրագրողների աչքերն ու ականջները, փաստորեն, անցանկալի են դառնալու կառավարության հանրային գործունեության համար: Փորձագետները սա հետընթաց են համարում՝ նշելով, թե որոշումը լավագույնս ցույց է տալիս, որ կառավարությունը գնում է փակ, ոչ թափանցիկ աշխատելու ճանապարհով:

Իսկ մինչ այդ Կարեն Կարապետյանին ոչ մի կերպ չի հաջողվում հասնել նրան, որ գործադիրի նիստերին վերջնական մշակված օրինագծեր բերվեն: Արտակ Շաբոյանն այսօր գերազանցել է բոլորին՝ քննարկման համար 2 օր լրացուցիչ ժամանակ խնդրելով արդեն մեկ անգամ Ազգային ժողով հասած եւ հետ եկած օրինագծերի փաթեթի համար:

Հաշմանդամություն ունեցողներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջեւ՝ բողոքի ակցիայի: Բանն այն է, որ տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզները պատրաստել է Երեւանի «Ինտերորթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը: Հիմա, սակայն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է պրոթեզների պատրաստման եւ վերանորոգման համար ընկերություն ընտրել մրցութային կարգով: Հաշմանդամները վստահեցնում են, որ երբեւէ չեն դժգոհել գերմանական կենտրոնի գործունեությունից: Մարզերից ժամանածներն էլ պնդում են, որ Երեւան են եկել ու նոր միայն իմացել փոփոխության մասին: Փոխվել է նաեւ պրոթեզների վերանորոգման կարգն ու ժամկետները: Հաշմանդամները դժգոհ են նաեւ այս փոփոխությունից:

Սոցապնախարարությունը, սակայն, այս աղմուկն անհիմն է համարում: Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի խոսքով՝ մրցույթի արդյունքները դեռ չեն հրապարակվել, ոչ մի ընկերության հետ նոր պայմանագիր չի կնքվել: Իսկ հաղթող կճանաչվի այն ընկերությունը, որի պրոթեզները կհամապատասխանեն ICO13485 միջազգային ստանդարտներին:

Կառավարության շենքի առջեւ այսօր եւս մեկ ակցիա է տեղի ունեցել. կեսօրից հետո էլ այստեղ էին հավաքվել ծխելու դեմ պայքարի մասին օրինագծի դեմ բողոքողները: Նրանք հիմնականում դժգոհել են օրենքի խախտման դեպքում սահմանվող տուգանքներից: Առողջապահության նախարարության մշակած օրենքի նախագիծը ծխելու արգելք է նախատեսում բոլոր փակ հաստատություններում, այդ թվում՝ գրասենյակներում, բարերում եւ ռեստորաններում, ինչպես նաեւ տրանսպորտի մեջ, կանգառներում, կայարաններում, օդանավակայաններում: Օրինագծի հեղինակներն առաջարկում են կարգը խախտելու համար բարձր տուգանքներ սահմանել՝ 50 հազարից մինչեւ 500 հազար դրամի չափով:

Գեղարքունիքում ուժեղ քամին դպրոցի շենք է վնասել: Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքը քամու հետեւանքով պոկվել եւ ընկել է: Տուժածներ, բարեբախտաբար, չկան: Վնասվել են դպրոցի բակում կայանված մեքենաներ, դպրոցի պատուհաններ, համակարգչային սենյակը: Դասերը դադարեցվել են, դպրոցի 200 աշակերտներին տուն են ուղարկել:

Դոլարը շարունակում է դանդաղորեն աճել, իսկ եվրոն էժանացել է: Փետրվարի 1-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 598, ռուբլունը՝ 8 դրամ 56 լումա, ֆունտինը՝ 685 դրամ:

Փետրվարի 2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -3-5 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն: