News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն  այսօրվա նիստում հաստատել է այն նախագիծը, ըստ որի ապրիլի 9–ին կառավարության նիստերը դռնփակ կանցկացնեն։ Գործող կարգով՝ լրագրողները նիստերին հետեւում են այլ սրահից՝ մոնիտորի միջոցով, իսկ նիստերից հետո հնարավորություն ունեն նախարարներին հարցեր ուղղել խնդրահարույց նախագծերի վերաբերյալ։ Ապրիլից լրագրողները ոչ միայն ուղիղ հեռարձակման հնարավորությունից են զրկվելու, այլեւ  նախարարներին հարցեր ուղղելուց։

Նշենք, որ այս փոփոխությունը պայմանավորված է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հանգամանքով։ Կառավարման թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է լինելու, որն էլ անցկացնելու է նիստերը։ Վարչապետի նստավայրը լինելու է ներկայիս նախագահական նստավայրը։ Դեռ պաշտոնապես հայտնի չէ՝ ում թեկնածությունն է իշխող ՀՀԿ–ն առաջադրելու վարչապետի պաշտոնում, սակայն ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն  է առաջադրվելու։

Թե ինչու են լրագրողների աչքերն ու ականջները խիստ վնասակար դառնալու կառավարության  հանրային գործունեության համար, NEWS.am–ի հետ զրույցում մեկնաբանել են «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը եւ նախկին լրագրող, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Բորիս Նավասարդյանի գնահատմամբ՝ սա հետընթաց է եւ լավագույնս ցույց  է տալիս, որ կառավարությունը գնում  է փակ, ոչ թափանցիկ աշխատանքի ճանապարհով. «Եթե ձեւավորվել է ինչ–որ ավանդույթ, որ նիստերը պետք է դռնբաց լինեն, եւ լրատվական դաշտը սովոր էր դրան, եւ կառավարության թափանցիկության առումով որոշակի ստանդարտներ են ձեւավորվել, ապա դրանից հրաժարվելը նշանակում է, որ կառավարությունն ավելի փակ աշխատանքի ճանապարհով է գնում։ Դա կարող է կապված լինել այն փոփոխությունների հետ, որ վարչապետի լիազորությունները ավելի  ընդլայնվում են, եւ կառավարության նիստերում կարող է շատ ավելի լուրջ հարցեր քննարկվեն, սակայն, ամեն դեպքում, թափանցիկության եւ բաց աշխատանքի սկզբունքների տեսանկյունից այս նահանջը դրական չի կարող համարվել»։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե նույնիսկ կառավարման համակարգի փոփոխությամբ պայմանավորված պետք է վերանայվեր նիստերը լուսաբանելու կարգը, ապա գոնե մինչ այդ պետք է առաջարկություն ներկայացնեին, թե դրա փոխարեն ինչ է լինելու»։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այս փոփոխությամբ մտահոգ  անձանցից պահանջում է մատնացույց անել, թե որ երկրներում են կառավարության նիստերին լրագրողները հետեւում ուղիղի հեռարձակմամբ։ Նավասարդյանը հակադարձում է նրան, որ այդպիսի ստանդարտ  գոյություն չունի, կարեւորը ավանդույթներն են։ «Բաց աշխատանքի ավանդույթից հրաժարվելը միշտ բացասաբար է ընդունվում եւ չի նպաստում կառավարության՝ հասարակության առջեւ թափանցիկ լինելու աշխատաոճին եւ չի կարելի ասել, որ կա միջազգային ստանդարտ՝ ինչպես պետք է  անցկացվեն նիստերը»։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կենցաղային օրինակով է հիմնավորել նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը՝ շեշտելով, որ այն բխում է քննարկումներն անկաշկանդ անցկացնելու շահերից։ «Եթե դուք ձեր ընտանիքում ձեր տիկնոջ հետ վիճեք, դա մի բան է, իսկ եթե ներկա լինի երրորդ անձը, անմիջապես ձեր վեճը կստանա այլ երանգ: Դուք ստիպված հաշվի կառնեք երրորդ անձի ներկայությունը: Ձեր բանավեճը կամ ձեր փաստարկները ներկայացնելիս հաշվի կառնեք այլ անձանց ներկայությունը»։  Նախարարի այս  հիմնավորումը անլուրջ  է համարում Բորիս Նավասարդյանը եւ հավելում, որ կաշկանդվել կարող են մի դեպքում, երբ թերանում են իրենց պարտականություններում,  իսկ նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը հակադարձում է՝ կաշկանդվածության առումով մինչ այդ ի՞նչ խնդիրների են բախվել կառավարության անդամները։

«Ինչ խնդիր էր առաջացել էս ընթացքում, երբ մոնիտորով են հետեւել նիստերին։ Անկաշկանդ քննարկումների հնարավորությունից նախարարները զրկված չեն, այդ քննարկումները կոմիտեների նիստերում են լինում, որը միշտ էլ դռնփակ է եղել։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել՝ լրագրողները չգան Ազգային ժողով, չլուսաբանեն այդ աշխատանքները, քանի որ պատգամավորները անկաշկանդ չեն»։

Թե կառավարության դռները լրագրողների առջեւ փակելու անհրաժեշտությունը որքանով է պայմանավորված վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրվելու հավանականությամբ, մեր զրուցակիցները չմեկնաբանեցին, ընդգծեցին, որ կառավարությունն ու Ազգային ժողովը պարտավոր են նիստերն անցկացնել, հրապարակային, բաց եւ թափանցիկ։

Տպել
Ամենաշատ