Տավուշի մարզի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ նա վիրավորվել է երեկ: Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հանգամանքներում է վիրավորվել զինվորը: Նրան Բերդի զինվորական հոսպիտալում վիրահատել են, հետո տեղափոխել Երեւան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Իշխող կոալիցիան կայացրեց որոշումը. Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրելու են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խմբակցությունների հանդիպումից հետո Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը լրագրողներին ասել է, որ հիմա ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին առաջադրելու համար ստորագրություններ են հավաքում: Շուրջ 60 ստորագրություն արդեն հավաքվել է, թեեւ անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի ստորագրությունը: Աղվան Վարդանյանը ճիշտ չի համարում նաեւ կարծիքները, որ Սահմանադրության փոփոխություններից հետո նախագահից այլեւս ոչինչ կախված չէ:

Ստորագրություններ է հավաքում նաեւ «Ելք»-ը. խմբակցությունն ուզում է Սահմանադրական դատարան դիմել՝ Հայաստանի 4-րդ նախագահի՝ Ազգային ժողովի կողմից ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:  ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 20 պատգամավորի ստորագրություն, մինչդեռ «Ելք»-ը 9 պատգամավոր ունի: Խմբակցությունը դիմումի տեքստն ուղարկել է «Ծառուկյան» խմբակցությանը, սակայն այս խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը նպատակահարմար չի համարում «Ելք»-ի նախաձեռնությանն իրենց միանալը: Նա նաեւ հորդորում է հարցը չդիտարկել զուտ քաղաքական համագործակցության համատեքստում:

Նիդեռլանդների խորհրդարանի Ստորին պալատի անդամները հավանություն են տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Երկրի արտգործնախարարի պաշտոնակատարը, սակայն, հայտարարել է, որ կառավարությունը չի հետեւի խորհրդարանի օրինակին. պաշտոնյայի խոսքով՝ կառավարությունը «շարունակելու է զսպվածություն ցուցաբերել»: Միաժամանակ, խորհրդարանականները որոշել են, որ կառավարության անդամներից մեկն ապրիլի 24-ին Երեւանում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին:

Անկարայի արձագանքը չի ուշացել. այստեղ որոշումն «անհիմն» եւ «իրավական ուժ չունեցող» են որակել: Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Նիդեռլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը: Հոլանդացի պաշտոնյային կոչ են արել «վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց չհիմնավորված վերաբերմունքը եւ չքաղաքականացնել պատմությունը»:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2 ամսական երեխա է մահացել. պատճառը «կապույտ հազն» է: Մահացած փոքրիկին ու ընտանիքի մյուս երկու երեխաներին ծնողները հրաժարվել են պատվաստել: Հիվանդությունը երեխայի մոտ սկսվել է շուրջ 1 ամիս առաջ, այս դեպքում էլ ծնողները չեն ցանկացել հոսպիտալացնել նրան՝ չնայած տարածքային պոլիկլինիկայի մանկաբույժի հորդորին: Պարզվել է, որ մահացած երեխան եւ նրա զույգ եղբայրը կապույտ հազով վարակվել են 2 տարեկան 9 ամսական քրոջից: Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին երկու ամիսներին Հայաստանում կապույտ եւ հարկապույտ հազով հիվանդացության դեպքերն ավելացել են: Այդ ընթացքում 12 դեպք է գրանցվել, իսկ նրանցից 8-ը չպատվաստված երեխաներ են:

Հերթական արտակարգ դեպքը Հրազդանի կիրճում: Կիեւյան կամրջի տակ՝ Հրազդան գետում դի են հայտնաբերել: Գետից դուրս են բերել 26-ամյա Վարդան Մնացականյանի դին. ոստիկանությունը նրան հունվարի 30-ից որոնում էր որպես անհետ կորած: Կատարվածի մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, հայտնի է միայն, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը Երեւանի առեւտրի կենտրոններից մեկի անվտանգության աշխատակիցներից էր:

Եվս մեկ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել Գյումրիում: Քաղաքի շենքերից մեկի 4-րդ հարկում փլուզում է եղել: Փրկարարները 11 բնակչի են տարհանել, այդ թվում՝ 2 երեխայի: Նրանց ժամանակավոր կացարան են տեղափոխել: Գյումրու քաղաքապետարանից տեղեկացրել են, որ շենքը վթարային էր եւ պետք է քանդվեր. 1988-ի երկրաշարժի ժամանակ էր վնասվել: Հիմա սեփականատիրոջ հետ քննարկում են քանդման աշխատանքները սկսելու հարցը: Վարդգես Սամսոնյանը նշել է նաեւ, որ բնակիչներին մի քանի անգամ առաջարկել են պետական ծրագրով լուծել նրանց բնակարանների հարցը, սակայն չեն ցանկացել հեռանալ այս շենքից:

Փետրվարի 23-ին դոլարն ու եվրոն սկսել են թանկանալ: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 591, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 671 դրամ:

Փետրվարի 24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն: