Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ: Ազգային ժողովում այսօր կայացած փակ գաղտնի քվեարկությանը 94 պատգամավոր է մասնակցել: Նրանցից Թովմասյանի օգտին քվեարկել է 64 պատգամավոր, դեմ է հանդես եկել 27-ը: Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահը խորհրդարանից հեռացել է՝ չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին:

Խորհրդարանն այսօր մերժել է Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Մինչ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ հարկավոր է գործով հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին, թեեւ ավելի վաղ գլխավոր դատախազությունը նշել էր, որ դրա համար հիմքեր չկան:

Նշենք, որ Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում ներառված հարցերն արագորեն սպառվել են: Վաղը նիստ չի լինի, փոխարենը պատգամավորները խորհրդարան կգնան ուրբաթ՝ արտահերթ նիստի: Սա Նիկոլ Փաշինյանին կրկին առիթ է տվել դժգոհելու. խորհրդարանական գործունեությունը շուտասելուկ է դարձել:

Կառավարության հետ հարցուպատասխանն Ազգային ժողովում կիսադատարկ դահլիճում է անցել: Իսկ նիստից հետո լրագրողները Դավիթ Հարությունյանից մեկնաբանություն են խնդրել Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով հրապարակված դատավճռի մասին: Նախարարը հրաժարվել է, բայց ընդգծել, որ Հայաստանում քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Վոլոդյա Ավետիսյանն ընկերների հետ նստացույց է անում Ազատության հրապարակում: «Արժանապատիվ ազատամարտիկ» կազմակերպության նախագահն այս կերպ բողոքն է արտահայտում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նախօրեին հրապարակված դատավճռի դեմ: Նստացույց անողները նաեւ պահանջում են ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին: Հիշեցնենք, որ երեկ հրապարակված դատավճռով Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման, Ներսես Պողոսյանն ու Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանն ու Հրայր Թոփչյանը՝ 3, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման: Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը:

Կիեւի եւ Մոսկվայի հարաբերություններում ճգնաժամը խորանում է: Ուկրաինայի կառավարությունը որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ մինչեւ 2020 թվականը նախատեսված տնտեսական համագործակցության ծրագրի գործողությունը: Երկրներն այն ստորագրել էին 2011 թվականի հունիսին: Փաստաթուղթը նախատեսում է ազատ առեւտրի ռեժիմի եւ ներդրումների փոխադարձ պաշտպանության խորացում, վճարային գործարքների ինտեգրված համակարգի ստեղծում, երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովում: Միաժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ-ն առաջարկ է պատրաստել ԱՊՀ-ից երկրի դուրս գալու եւ Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության պայմանագիրը չեղարկելու մասին:

Ստամբուլում արգելվել է հայ-իրանական արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: Այն պետք է ներկայացվել Filmmor կանանց միջազգային կինոառատոնին: Փառատոնի ներկայացուցիչները խոստովանել են, որ Ադրբեջանի հյուպատոսարանը պաշտոնական նամակ է գրել Ֆրանսիական ինստիտուտին, որտեղ ընթանում է փառատոնը, եւ խնդրել չեղարկել ֆիլմի ցուցադրությունը: Այսքանով, սակայն, ադրբեջանցի դիվանագետները չեն սահմանափակվել. ավելի ուշ հարցով դիմել են նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարին: Նշենք, որ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որն ամուսնու մահից հետո դստեր հետ փախչում է ամուսնու հարազատներից եւ թաքնվում Արցախի գյուղերից մեկում: Ֆիլմում Արցախի հիշատակումն էլ, վստահաբար, դուր չի եկել ադրբեջանցիներին:

Երեւանում աշխարհի ամենաերկար գաթան են պատրաստել: Յուրահատուկ բաղադրատոմսով գաթայի երկարությունը 4.000 սմ է, լայնությունը՝ 40 սմ: 240 կգ կշռող գաթան 2 օրում թխել են 5 հրուշակագործներ: Գաթան հյուրասիրել են Երեւանի բնակիչներին եւ հյուրերին:

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղերից առաջ առաջին միասնական մարզումներն է անցկացրել: Մարզումից առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը բարի գալուստ է մաղթել արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին: Նա մեկն է արտերկրում հանդես եկող հայազգի 13 ֆուտբոլիստներից, ում Արթուր Պետրոսյանը դեռ մարտի սկզբին հրավիրել էր Հայաստան՝ ընկերական հանդիպումներին մասնակցելու: Ի դեպ՝ Նորբերտո Բրիասկոն որոշել է խնդրել հանդես գալ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով: Հավելենք նաեւ, որ Հայաստանի հավաքականը մարտի 24-ին Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Էստոնիայի, իսկ մարտի 27-ին՝ Լիտվայի դեմ:

Մարտի 21-ին դոլարը նորից սկսել է արժեւորվել, իսկ եվրոն էժանացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 589, ռուբլունը՝ 8 դրամ 34 լումա, ֆունտինը՝ 675 դրամ:

Մարտի 22-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն: