Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց: Հանրայինի եթերից նա բացատրել է հրաժարականի նպատակը, ասել է՝ չի փախչում պատասխանատվությունից, այլ, ընդհակառակը, ավարտին է հասցնում հեղափոխությունը: Արտահերթի ճանապարհային քարտեզով խորհրդարանը 14 օրում կլուծարվի: Փաշինյանը բացառել է հակառակ սցենարները, քանի որ ըստ նրա, մյուս քաղաքական ուժերի համար ևս պետությունը, նրա կայունությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են: Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնույթ է կրում, բայց պահը իրականում հուզիչ է, ասել է Փաշինյանը, և այնուամենայնիվ վստահեցրել, որ ամեն ինչ լավ է լինելու, շատ լավ:

Կառավարությունը հավանություն է տվել ընտրական բարեփոխումների փաթեթին, որի կարևորագույն նպատակը, հիմնական զեկուցող արդարադատության նախարարն ասել է, ժաղովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումն է: Բոլոր փոփոխությունները արված են պարզեցման ուղղությամբ. կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, այսինքն երկար ժամանակ չի պահանջվի, որ հանրությունը և քաղաքական ուժերը ծանոթանան նոր օրենքների նրբություններին. ըստ էության տեղի է ունենալու քվեարկություն առանց գրիչի,- ասել է վարչապետը:

Կառավարությունը նաև մարզպետներ է նշանակել՝ հայտարարելով օրվա ուշագրավ անունը, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Սյունիքի նոր մարզպետն է: Նա դեռ մինչև նիստը հայտարարել էր, թե նոր Հայաստանի կողմնակից է, իսկ արդեն նիստի ավարտից հետո լրագրողների հարցին, թե գուցե սյունեցիների սրտով չլինի երևանցի մարզպետը, Հունան Պողոսյանը թավշյա պատասխան է տվել՝  իրենք սիրո՛վ կաշխատեն միասին:

Ավելի ուշ պարզվել էր, որ այդ սիրուն դեռ պատրաստ չեն Սյունիքում: Այնտեղ փակել են միջպետական ճանապարհը՝ դժգոհելով Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու որոշման դեմ:

Կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրենը մոտ 40 րոպե զրուցել է լրագրողների հետ: Գաղտանլսման գործում արդեն անուններ կան, չբացահայտելով նրանց՝ Արթուր Վանեցյանը միայն ասել է, որ պատվիրատուն Հայաստանից է և հանրության մեջ լայն ճանաչում ունի: Բայց նրա մասնակցությունը հիմնավորել, փաստաթղթավորել այս փուլում շատ բարդ է: Հայտնի են նաև գաղտնալսողները, որոնց նպատակը, ըստ Վանեցյանի, իր հրաժարականն է եղել:

Արթուր Վանեցյանը պնդել է, որ դատարանի վրա որևէ ճնշում չի գործադրել: «Ուզի-չուզի պիտի տա» հայտնի արտահայտությունը, ըստ նրա, սխալ է մեկնաբանվել, ուզեր-չուզեր պիտի տար ոչ թե Վաչեն՝ դատավորը, այլ Հրաչը՝ քննչական խնբի ղեկավարը. նրա անունն է ձայնագրության մեջ նշել Վանեցյանը:

Արդեն որպես ՀՖՖ նախագահ Ջիբրալթարի հետ խաղը Արթուր Վանեցյանը ամոթ և խայտառակություն է համարել: Կարծես սև թուղթ լիներ՝ ասել է Վանեցյանը, որն այդ խաղի պատճառով նույնիսկ գիշերը չի քնել: Ֆուտբոլի հանդեպ զգայուն է, բայց դրա մասնագետը չէ՝ խոստովանել է Ֆեդերացիայի նոր նախագահը:

Խորհրդարանում քննարկել են ընտրական բարեփոխումների փաթեթը: Նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քննարկումը համարել է ուշացած, ձևական և բավականին թերի: Փաթեթն ուղարկվել է Վենետիկի հնաձնաժողով ոչ վերջնական տարբերակով, ինչը ըստ Վիգեն Սարգսյանի, անարգանք է այդ ինստիտուտի նկատմամբ:

Ընտրությունների հապճեպությունից խոսել է նաև Արմեն Աշոտյանը: Որ վարչապետը հրաժարականը հետաձգել է ֆրանկոֆոնիայի համար, նա ճիշտ որոշում է համարել, բայց նույնը կարող էր անել նաև ՀԱՊԿ-ի դեպքում, քանի որ ակնհայտ է՝ վարչապետի հրաժարականը և  խորհրդարանի ժամկետի սպառումն են եղել պատճառը, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա:

Վարչապետն ընդունել է Ելք խմբակցության անդամներին՝ քննարկելու նոր իրավիճակը այն 14 օրերի ընթացքում, որ հաջորդելու են իր հրաժարականին: Ասել է՝ մեծ է հավանականությունը, որ առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվի ինքը՝ չընտրվելու  կանխավարկածով, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն:

Փաշինյանն ընդունել է նաև դաշնակցության պատգամավորներին՝ նույն օրակարգով՝ ինչպես ընդհանուր հայտարարի գալ նոր իրավիճակում: Արմեն Ռուստամյանն ասել է՝ վստահ է, որ կարող են, որովհետեւ իրենց նպատակն իսկապես նույնն է:

Ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «օկուպացված տարածքների» մի մասի վերադարձ, EVN Report ամսագրի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, և դա անվանել է դաժան իրականություն: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչի է պատրաստ: Սակայն շեշտել է, որ ցնցված է, թե որքան քիչ են քննարկվում ընդունելի փոխզիջումների հարցերը: Իսկ ստատուս քվոն, ըստ դեսպանի, արդեն Հայաստանի օգտին չէ:

Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է:  Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484.57,  եվրոյինը՝ 560.79 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է՝ կազմելով 639.68 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը նույնն է՝ 7.40 դրամ:

Հոկտեմբերի 17-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն: