Հայաստանում 2025 թվականին անշարժ գույքի շուկայում պահանջարկը կայունացել է, իսկ գների աճը՝ դանդաղել։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ վաճառվող անշարժ գույքի գների ոչ մեծ աճի ֆոնին նկատվում է վարձավճարների նվազում։
Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել անշարժ գույքի ներդրումային գրավչության նվազմանը։
Երևանում, նախորդ տարվա համեմատությամբ, գրանցվել է բնակարանների միջին գների տարեկան 0,3% աճ, որը 2021 թվականից ի վեր մայրաքաղաքում արձանագրված ամենացածր տարեկան աճի տեմպն է: Միևնույն ժամանակ, մարզերի քաղաքային բնակավայրերում գների աճը շարունակել է արագանալ՝ կազմելով 16.3%։ Վերջինս խթանվել է մարզերում եկամտային հարկի վերադարձի շարունակվող մեխանիզմով:
Տարվա կտրվածքով անշարժ գույքի շուկան, ինչպես և ակնկալվում էր, բնութագրվել է ընդհանուր ակտիվության թուլացմամբ: Սա կարելի է դիտարկել որպես շուկայի բնականոն ճշգրտման փուլ՝ պայմանավորված նախորդ տարիների բարձր ակտիվությունից հետո շուկայի հագեցվածությամբ, որը դրսևորվել է ինչպես անշարժ գույքի, այնպես էլ հիպոտեկային վարկավորման պահանջարկի հարաբերական կայունացմամբ։
Անշարժ գույքի շուկայում ընդհանուր գործարքների16 քանակը նվազել է 1.6%-ով։ Նվազումը հիմնականում պայմանավորված է ոչ գյուղատնտեսական նշանակությամբ հողերի մասով գործարքների կրճատմամբ: Վերջինս, դիտարկելով որպես ապագա շինարարական ակտիվությունը կանխորոշող ցուցանիշ, ենթադրում է առաջիկա ժամանակահատվածում նոր շինարարական նախագծերի աստիճանական կրճատում։
Միաժամանակ, բնակելի անշարժ գույքի գործարքների քանակը շարունակել է աճել։ Երևանում աճի տեմպը կազմել է 10.6%, իսկ մարզերում աճը եղել է դանդաղ՝ 1.7%: Շուկայի ընդհանուր ակտիվության նվազմանը զուգահեռ հանրապետությունում նվազել է նաև բնակելի անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը: Նախորդ տարվա համեմատությամբ գործարքների քանակը նվազել է 43.7%-ով, իսկ վարձավճարները՝ 3.9%-ով





























