Հնդկական պետական Hindustan Petroleum Corp նավթագազային կորպորացիան թրեյդերների միջոցով 2 միլիոն բարել նավթ է գնել Նիգերիայից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Okwuibome և Utapate տեսակի նիգերիական նավթի խմբաքանակը Հնդկաստան կհասցվի մինչև սեպտեմբերի վերջ։ Նիգերիան և Արևմտյան Աֆրիկայի այլ երկրները հինգերորդ տեղըն են զբաղեցնում Հնդկաստանի կողմից նավթի տարեկան գնումների ծավալում։
Անցյալ շաբաթվա վերջին Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը հայտարարել էր, որ հանրապետության կողմից էներգակիրների գնումներն այսուհետ ևս որոշվելու են ազգային առաջնահերթություններով և էներգետիկ անվտանգության կարիքներով։
Հորմուզի նեղուցով Հնդկաստան վառելիք տեղափոխող տանկերների շրջափակման ֆոնին հանրապետությունն ավելացրել է էներգակիրների սպոտային խմբաքանակների գնումներն այլընտրանքային մատակարարներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հարավային Ամերիկայի և Արևմտյան Աֆրիկայի երկրներից։ Հուլիսին Ռուսաստանից դեպի Հնդկաստան նավթի ներմուծումը հասել է 2022 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշին՝ օրական 2,8 միլիոն բարել։ Արդյունքում՝ Հնդկաստան նավթի մատակարարումներում ՌԴ-ի մասնաբաժինը կազմել է 55,5%։
Հնդկաստանը նավթի ներմուծմամբ և սպառմամբ աշխարհում երրորդն է։ Երկիրն իր նավթային կարիքների ավելի քան 88%-ը բավարարում է ներմուծման հաշվին։





























