ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։ 

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am–ին տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները։ 

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման համակարգերի, անասնաբուծության և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում համագործակցությանը։ 

Նախարար Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի՝ մասնավորապես գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժը։