Հեռուստաընկերության ուղղաթիռը երեքշաբթի երեկոյան կործանվել է Լոս Անջելեսի հյուսիս-արևմուտքում գտնվող Չաթսվորթ շրջանում, որտեղ լրագրողները լուսաբանում էին մեկ այլ ՃՏՊ, հայտնում է NBC News։

Կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս մեկը հոսպիտալացվել է, հայտնել են Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունից։

Ուղղաթիռն ընկել է Չաթսվորթում գտնվող պահեստային տարածքների համալիրի մոտ կամ դրա տարածքում գտնվող ավտոկայանատեղիում, որը գտնվում է Սան Ֆերնանդոյի հովտում։

NBC Los Angeles հեռուստաալիքի տվյալներով՝ կործանված ուղղաթիռը պատկանել է լրատվական կայանին։

Վթարի վայրում հրշեջները հայտնաբերել են բոցերով պատված ուղղաթիռը։ Կրակը տարածվել է մոտակայքում կայանված մի քանի ավտոմեքենաների վրա։ Երեք մարդ տեղում մահացել է, ևս մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը դեռևս անհայտ է։

Հրշեջ ծառայության կապիտան Բրանդեն Սիլվերմանի խոսքով՝ զոհվածներից առնվազն մեկը, ըստ ամենայնի, գտնվել է գետնին և ուղղաթիռի ընկնելու պահին հետիոտն էր։

Կործանումը տեղի է ունեցել նույն շրջանում տեղի ունեցած մեկ այլ ծանր միջադեպից կարճ ժամանակ անց։ Ժամը 17:03-ին Նորդհոֆ սթրիթում բախվել են Los Angeles Metro տրանսպորտային համակարգի ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան։ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։

Հրշեջները ժամանել էին ավտոբուսի և ավտոմեքենայի բախման վայր, ազատում էին ներսում արգելափակված մարդկանց և զննում ավտոբուսի ուղևորներին։ Հրշեջ և ոստիկանության ծառայությունների աշխատակիցները գտնվում էին մոտակայքում, երբ երեկոյան 19:00-ից քիչ անց հաղորդում ստացվեց ուղղաթիռի ընկնելու մասին, պատմել է Սիլվերմանը։ Նրանք արագ շարժվել են դեպի կործանման վայր։

Ուղղաթիռի անկման պատճառները դեռևս չեն պարզվել։ Քննությամբ կզբաղվեն ԱՄՆ Տրանսպորտում անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) և ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչությունը (FAA)։

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շնորհակալություն հայտնել արտակարգ ծառայությունների աշխատակիցներին օպերատիվ արձագանքի համար։

«Ես լիովին կոտրված եմ այսօր երեկոյան Չաթսվորթում մարդկանց մահվան պատճառով, — հայտարարել է նա, - Իմ սիրտը բոլոր նրանց ընտանիքների և հարազատների հետ է, ովքեր զոհվել են ավտոբուսի ողբերգական բախման և ուղղաթիռի աղետի հետևանքով»։