«Վեստի» լրատվական ծրագիրը նյութ է թողարկել Հայաստանում կառուցվող հայ-ամերիկյան Firebird ստարտափի տվյալների կենտրոնի մասին՝ այն որակելով որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի հավանական ռազմավարական օբյեկտ։ Սյուժեի հեղինակները նախագծի մասշտաբները կապում են Հայաստանին սպառնացող հնարավոր հետախուզական և էներգետիկ ռիսկերի հետ ու հարցադրում անում՝ ի՞նչ գին կարող է վճարել երկիրը տարածաշրջանի խոշորագույն հաշվողական կենտրոններից մեկն իր տարածքում տեղակայելու դիմաց։

Այն անվանել են «արհեստական բանականության գործարան»՝ Հայաստանում, իսկ հեռանկարում նաև Եվրոպայում տվյալների մշակման ամենախոշոր կենտրոնը։ Ենթակառուցվածքը պատկանում է Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված հայ-ամերիկյան Firebird ստարտափին։ Մինչև 2027 թվականի վերջը նրանք Երևանի մերձակայքում կտեղադրեն ամերիկյան NVIDIA ընկերության 70 հազար առաջադեմ չիպ, իսկ ընդհանուր հաշվողական հզորությունը կհասնի 300 մեգավատի։

Առանց ԱՄՆ-ի համաձայնության՝ նման մասշտաբի պրոցեսորների մատակարարումն անհնար կլիներ, և որպեսզի դա իրականություն դառնա, անձամբ Փաշինյանն է միջնորդել: «Սա կարևոր քայլ է մեր տեխնոլոգիական ինքնիշխանության և գլոբալ գործընկերության ամրապնդման ճանապարհին»,— հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գործընկերության մասով ամեն ինչ պարզ է, իսկ ահա ինքնիշխանության հարցում կասկածներ կան։ Նման մասշտաբի տվյալների կենտրոնը լոկ առևտրային օբյեկտ չէ, այլ լիարժեք հետախուզական ենթակառուցվածք։

«Այս տվյալների կենտրոնի ի հայտ գալը Հայաստանում պատահական չէ, քանի որ նմանատիպ մի կենտրոն մենք, ամենայն հավանականությամբ, ոչնչացրել ենք Կիևում։ Իսկ ամերիկացիների հետաքրքրությունների գոտուն՝ առաջին հերթին Իրանին և Ռուսաստանին ավելի մոտ գտնվող տվյալների կենտրոն նրանք պարզապես չունեն։ Նախ՝ այնտեղ նշվում են NVIDIA չիպերը, որոնք այժմ ակտիվորեն կիրառվում են Ամերիկայի կողմից ողջ աշխարհում օգտագործվող բոլոր հետախուզական համալիրներում։ Հնչեց նաև Firebird ընկերության անունը. դա մի ընկերություն է, որն անմիջականորեն աշխատում է Պենտագոնի համար, նրա բոլոր պատվերները կապված են Պենտագոնի հետ»,— հայտարարել է ռազմական փորձագետ, «Արսենալ օտեչեստվա» ամսագրի խմբագիր Ալեքսեյ Լեոնկովը։

Դեռևս 2018 թվականին ԱՄՆ Կոնգրեսը գրեթե գաղտնի ընդունեց ամպային տեխնոլոգիաների մասին օրենք, որը պարտավորեցնում է ամերիկյան ցանկացած ՏՏ-կորպորացիայի՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում նրա սերվերները, հատուկ ծառայությունների պահանջով փոխանցել տվյալները՝ ընդ որում, առանց տեղակայման երկրի դատական մարմինների համաձայնության։ Լինի դա պետական հաստատություն, ընկերություն, թե մասնավոր անձ: Այն ամենը, ինչ մշակվում է Firebird-ի սերվերներում, պոտենցիալ հասանելի է ԱՄՆ-ին։ Իսկ Հայաստանում նման հսկայական հաշվողական կենտրոնի տեղակայումը հետախուզության համար հասանելի է դարձնում տեղեկատվությունը թե՛ հենց երկրի ներսում, թե՛ Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Իրանում, և թե՛ Ռուսաստանում։

Ընդ որում, Երևանը կարծես մոռացել է, թե ուր էին ուղղվում Թեհրանի ռմբակոծություններին ի պատասխան հասցված հարվածները։

«Իրանա-ամերիկյան պատերազմի ժամանակ (անվանենք դա այդպես), ո՞ր օբյեկտներին էր հարվածում Իրանը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում։ Ի՞նչ օբյեկտների։ Առաջին հերթին՝ տվյալների կենտրոններին։ Եկեք չմոռանանք սա։ Ինչո՞ւ։ Որովհետև բնական է, որ տվյալների կենտրոնները, լինելով խոշոր ՏՏ-հանգույցներ, միաժամանակ նաև ռազմական ՏՏ-ենթակառուցվածքների կամ, ինչպես հիմա նորաձև է ասել, ՏՏ-լոգիստիկայի կենտրոններ են։ Առանձին խնդիր է տվյալների կենտրոնն էլեկտրաէներգիայով ապահովելու հարցը, որն աղետով է սպառնում»,— հայտարարել է «Sputnik Արմենիա»-ի քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Օբյեկտի ախորժակը հսկայական է։ 300 մեգավատը ողջ Հայաստանի ձմեռային սպառման գագաթնակետի գրեթե մեկ քառորդն է։ Իսկ 2 գիգավատի հասնող հեռահար ծրագրերն ընդհանրապես վեր են երկրի հնարավորություններից։

Ընդ որում, այսօր Հայաստանի էլեկտրաէներգիայի շուրջ 60%-ն արտադրվում է Ռուսաստանից ներկրվող բնական գազի հաշվին։ Դրան գումարած ատոմակայանը, որը նույնպես կառուցվել է մեր երկրի կողմից։

«Այժմ Հայաստան գազը մտնում է հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 177 դոլարով։ Բայց եթե, օրինակ, Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա գազի գինն անմիջապես կբարձրանա առնվազն 30%-ով։ Տվյալների կենտրոնի սեփականատերը, վստահաբար, կնքել է պայմանագիր, որով ֆիքսվում է իր կարիքների համար մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը։ Դա նշանակում է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կհայտնվի թակարդում։ Գազի գինը կաճի, իսկ այս խոշոր սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել չեն կարող։ Սակագինը չբարձրացնելու դեպքում էլ մշտապես վնասներ ես կրելու»,— նշել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովը։

Որպես վերջնարդյունք՝ պատկերը վատն է։ ԱՄՆ-ն ստանում է ռազմավարական հանգույց։ Հայաստանի իշխանությունները՝ հաջողության պատրանք, իսկ մարդիկ՝ էլեկտրաէներգիայի խափանումներ, փչացած հարաբերություններ Ռուսաստանի հետ և պոտենցիալ վտանգ։ Մինչդեռ Firebird-ն արդեն հաջորդ շինարարությունն է սկսել Ղազախստանում։ Այժմ այնտեղ էլ են մտադիր կրակի հետ խաղալ։