Եվրոպացի ներդրողների համար կարևոր են ոչ միայն նախագծի տեխնիկական և ֆինանսական կենսունակությունը, այլև համապատասխանությունը կայուն զարգացման պահանջներին, ոլորտի լավագույն փորձի պահպանումը և պետության աջակցությունը։ Այս մասին հայտնել է InnoEnergy ընկերության՝ կարևոր հումքային նյութերի (CRMs) գծով տեխնիկական ղեկավար Ռոբերտ Բեյլիսը՝ ելույթ ունենալով Mining Armenia Forum 2026-ում։
Նրա խոսքով՝ եվրոպացի ներդրողների համար առանցքային գործոններից մեկը արտադրանքին, սարքավորումներին, ծառայություններին և շինարարական ենթակառուցվածքին ներկայացվող պահանջներն են, հատկապես խոշոր նախագծերի իրականացման դեպքում։ Բեյլիսը նաև ընդգծել է կարգավորիչ պահանջներին և ոլորտի լավագույն փորձին համապատասխանելու կարևորությունը։ Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում գործում են խիստ նորմեր կայուն զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, կենսաբազմազանության պահպանման, հողերի պաշտպանության և արտանետումների կրճատման ոլորտներում։
Նրա խոսքով՝ այն երկրների նախագծեր մշակողների համար, որտեղ նման նորմերն այնքան մանրամասն և խիստ չեն, եվրոպական պահանջներին համապատասխանելը կարող է մարտահրավեր դառնալ։ Որպես ևս մեկ կարևոր պայման՝ Բեյլիսը նշել է պետության աջակցությունը։ Նրա գնահատմամբ՝ երկրների և տարածաշրջանների միջև գործընկերությունները կարող են նպաստել նախագծերի արդյունավետ իրականացմանը, քանի որ հենց պետական մարմիններն են օժտված դրանց հաստատման վերաբերյալ որոշումներ ընդունելու լիազորություններով։
Բեյլիսն ընդգծել է, որ կարևոր մետաղների մատակարարումների ոլորտում համագործակցությունը կարող է դառնալ գործընկերության մեկնարկային կետ, սակայն հետագայում այն պետք է վերածվի կայուն հարաբերությունների, որոնք կարող են ապահովել ապագայի հնարավորությունները և նվազեցնել դրանց հետ կապված ռիսկերը։
Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։




























