Խորհրդարանական ընտրություններից հետո Գյուլագարակ գյուղի գլխավոր հյուրանոցը, որը մտնում է խոշորացված Ստեփանավան համայնքի կազմի մեջ, շարունակել է անգործության մատնված մնալ։ Արդյունքում՝ տարածաշրջանում զբոսաշրջային հոսքը նվազել է։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Հայաստանի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական քարոզարշավի ընթացքում Կարապետյանն իրենց դաշինքի թեկնածուի հետ միասին այցելել է խոշորացված Ստեփանավան համայնքի կազմում ընդգրկված գյուղեր և զրուցել գյուղացիների հետ։

«Ամենից շատ նրանք բողոքում էին գործազրկությունից։ Գյուլագարակում վիճակը որոշ չափով ավելի բարենպաստ է, քանի որ այստեղ կա զբոսաշրջային հոսք։ Սակայն ընտրություններից հետո հյուրանոցի փակվելը բացասաբար է անդրադարձել նաև այս համայնքի վրա… Գլխավոր հյուրանոցը փակեցին, և ամբողջ տարածաշրջանում զբոսաշրջությունը անկում ապրեց։ Այսպես նրանք ուզում են հաղթանակ տանել, բայց ո՞ւմ նկատմամբ։ Այսպիսի մոտեցումն անթույլատրելի է, քանի որ վնաս է հասցնում առանց այդ էլ աղքատ տարածաշրջանին։ Ամենուր մեզ միայն մեկ բանի մասին էին ասում՝ նոր աշխատատեղերի», - նշել է պատգամավորը։

Կարապետյանի կարծիքով՝ այս խոշորացված համայնքը եզակի է գյուղատնտեսության, զբոսաշրջության և էկոլոգիայի տեսանկյունից։

«Դռները բացվում են։ Մենք ունենք մի քանի ծրագրեր, որոնք կարող ենք այստեղ իրականացնել», - ասել է ընդդիմադիր գործիչը։

Պատասխանելով Լոռու մարզի վարչական կենտրոն Վանաձորի մասին հարցին՝ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է, որ քաղաքի մակարդակը պահպանելու և զբաղվածության խնդիրը լուծելու համար կառավարությունը պետք է նրան շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Արսեն Գևորգյանի թեկնածությունը։