Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հաստատել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման ծրագիրը։
Ծրագրով կստեղծվի աջակցության նոր գործիք՝ ուղղված այս տարիքային խմբի քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ու ձեռնարկատիրական նախաձեռնությունների իրականացմանը։ Այն կհամատեղի ձեռնարկատիրական ուսուցումը, բիզնես ծրագրերի մշակումը և նպատակային ֆինանսավորումը։
Ծրագրի շահառու կարող են դառնալ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք, իրավաբանական անձի հիմնադիրները կամ գործադիր մարմնի ղեկավարները։ Հայտեր կարող են ներկայացնել նաև այն քաղաքացիները, որոնք ծրագրի շրջանակում ընտրվելու դեպքում պարտավորվում են մինչև աջակցության տրամադրման պայմանագրի ստորագրումը ձեռք բերել նշված կարգավիճակներից որևէ մեկը։
Ֆինանսական աջակցություն ստանալու հայտ կարող են ներկայացնել ուսուցման ծրագիրն ավարտած և համապատասխան հավաստագիր ստացած անձինք։
Մեկ շահառուին տրամադրվող աջակցության առավելագույն չափը 2 մլն դրամ է (մոտ 5500 դոլար՝ խմբ.), իսկ աջակցություն ստացող շահառուների թիվը չի գերազանցի 200-ը։
Աջակցությունը կտրամադրվի բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, իսկ միջոցները կվճարվեն անմիջապես ապրանքների կամ ծառայությունների մատակարարին։



























