ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ հակամարտության նոր սրման պատճառներ չկան, և ընդգծել, որ դրան չի ձգտում։

«Դե, ես չեմ պատրաստվում դա անել։ Չեմ կարծում, որ դա որևէ իմաստ ունի», - հայտարարել է Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Իրանում միջուկային նյութ չի մնացել։

«Նրանք ոչինչ չունեն։ Այդ ամենը թաղված է տոննաներով քարերի տակ», - կարծում է նախագահը։

Նախագահը նաև նշել է, որ Պիկաքս լեռան շրջանում, որտեղ ենթադրաբար գտնվում է Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներից մեկը, այժմ ակտիվությունը ցածր է։

«Արդյոք ստիպված կլինենք զբաղվել Պիկաքս լեռան հարցով՝ կհետևենք իրավիճակին։ Եթե Պիկաքս լեռան հարցով զբաղվելու անհրաժեշտություն առաջանար, իսկ հիմա դրա կարիքը չկա, մենք մեկ ժամում կլուծեինք այդ հարցը։ Ամեն ինչ կարգավորված կլիներ», - նշել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հրապարակավ սպառնացել էր հարված հասցնել Պիկաքս լեռանը, քանի որ Թեհրանն այնտեղ իբր աշխատանքներ է իրականացնում միջուկային նախագծի շրջանակում։