ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ իր փոխնախագահ Ջեյ Դի Վենսի դիրքորոշումը, ըստ որի՝ հանրապետականները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում պարտվել են Իրանի հետ հակամարտության պատճառով, պառակտում չի առաջացրել իրենց հարաբերություններում։
«Շատերին դուր չեն եկել նրա մեկնաբանությունները։ Բայց ոչ ինձ։ Նա իրավացի է՝ բացառությամբ մի հանգամանքի։ Նա պետք է ավելացներ ևս մի բան, որն, իմ կարծիքով, շատ կարևոր է։ Եթե ստիպված լիներ ամեն ինչ նորից սկսել, արդյո՞ք կրկին կաներ դա։ Պատասխանը՝ այո», - լրագրողներին ասել է Թրամփը՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ։
Երկուշաբթի գիշերը հեռարձակված՝ CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը նաև նշել է, որ ընդունում է Վենսի դիրքորոշումը։
«Չեմ կարող ասել, թե համաձայն չեմ նրա հետ», - ընդգծել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Վենսը հարցրել էր իր կարծիքը։
«Գրիր այնպես, ինչպես ուզում ես», - նրան պատասխանել է Թրամփը։
Անցած շաբաթ Վենսը հայտարարել էր, որ հենց Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտության պատճառով Հանրապետական կուսակցությանը սովորաբար աջակցող շատ ընտրողներ միջանկյալ ընտրություններում քվեարկել են դեմոկրատների օգտին։
«Մեր պարտության պատճառը պատերազմն էր։ Նախագահն ինքն է այդ մասին հայտարարել անցած գիշեր», - չորեքշաբթի նա գրել է X սոցիալական ցանցում։





























