Հոկտեմբերին Հայաստանում տարեկան գնաճը պահպանվել է սեպտեմբերի մակարդակում՝ կազմելով 4,3%։ Պարենային ապրանքների գնաճը շարունակել է դանդաղել՝ նախորդ ամսվա 6,2%-ից իջնելով մինչև 5,6%։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) տնտեսական ակնարկում։

«Միևնույն ժամանակ, վառելիքաքսուքային նյութերի թանկացման և բարձր պահանջարկի պայմաններում ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների գների աճն արագացել է՝ հասնելով համապատասխանաբար 2,8%-ի և 3,2%-ի (նախորդ ամսվա 2,4%-ի և 2,9%-ի դիմաց)։

2026 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 7,0%։

Այս որոշումը կայացվել է թիրախային միջակայքից գնաճի տևական գերազանցման, ներքին պահանջարկի գերտաքացման նշանների և արտաքին գնաճային ճնշումների ֆոնին։

Ստեղծված իրավիճակում կանխատեսում ենք, որ մինչև տարեվերջ սպառողական գների աճը տարեկան կտրվածքով կկազմի 4,4%, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրացվի մինչև 7,25%»,- ընդգծվում է ԵԶԲ զեկույցում։