Հանրահայտ ամերիկացի դաշնակահար Վան Քլիբերնին ոսկրային քաղցկեղ են ախտորոշել: Այդ մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Մերի Լու Ֆելկոունը:
Այժմ 78-ամյա Վան Քլիբերնը Թեքսաս նահանգի Ֆորթ Ուերթ քաղաքի իր տանն է: Չնայած հիվանդությանը` նա լավատեսական տրամադրություն ունի: Նրան բարձր մակարդակի բժշկական օգնություն են ցուցաբերում:
Վան Քլիբերնը հայտնի էր դարձել «սառը պատերազմի» ժամանակ` հաղթելով 1958 թվականին Մոսկվայի Չայկովսկու միջազգային մրցույթում: Նա երաժշտությամբ զբաղվել է 3 տարեկանից, իսկ 13 տարեկանում առաջին մենահամերգն է տվել Հյուսթոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա մի շարք մրցանակներ ունի` Քենեդու կենտրոնի անվան շքանշան, Grammy մրցանակ, Ազատության նախագահական եւ Արվեստի ազգային շքանշաններ, որոնցով նրան պարգեւատրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Քլիբերնը նաեւ ռուսական Բարեկամության շքանշանի ասպետ է:




























