Նկարիչ Շեփարդ Ֆեյրին ԱՄՆ-ում դատապարտվել է երկամյա պայմանական ազատազրկման։

Ֆեյրին հայտնի  է որպես Օբամայի ՆՈՐԵ մակագրությամբ կապտակարմիր երանգներով ստեղծված պաստառի հեղինակ։  Նա մեղադրվում է Associated Press գործակալության լուսանկարն իր աշխատանքում ապօրինի օգտագործելու մեջ։ Դրա համար նա որոշ կողծիքների է դիմել, եզրակացրել է դատարանը։

Նկարչին սեպտեմբերի 7-ին դատապարտել են նաեւ 300-ժամյա ուղղիչ աշխատանքների եւ 25 հազար դոլարի չափով տուգանքի։ Մեղադրող կողմը Ֆեյրիի համար իսկական բանտային պատիժ էր պահանջում, որը նրա դեպքում կարող էր կազմել միայն 6 ամսվա ազատազրկում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դատարանում նկարիչն ընդունել է մեղքը՝ հայտնելով, որ ամոթի եւ զղջման զգացում ունի, որ խախտել է իր առջեւ իր իսկ կողմից դրված ազնվության կանոնները։

Ֆեյրիի եւ AP-ի միջեւ վեճն արդեն հարթված էր, երբ նկարչի քաղաքացիական հայցը դեռ քննվում էր դատարանում։ Խաղաղ համաձայնագրի ֆինանսական մանրամասներ հայտնի չեն, բայց այժմ Ֆեյրին իր ստեղծագործության իրավունքը կկիսի գործակալության հետ։
Օբամայի պաստառով Ֆեյրին դարձել էր «փողոցային» ամենահայտնի նկարիչներից մեկը։