Մոսկվայում մահացել է ռուս դերասան Ալեքսանդր Բելյավսկին։ Նա հանդիսատեսին քաջ հայտնի  է «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում մարմնավորած քրեական հեղինակություն Ֆոքսի կերպարով։

Ռուսաստանի ժողովրդական արտիստի մարմինը հայտնաբերվել է Տիշինայի խաչմերուկի մայթին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Բելյավսկին ինքնասպան է եղել. Բարձրացել է շենքի հինգերորդ հարկ (այնտեղ գտել են նրա ձեռնափայտը) եւ ցած նետվել. 80-ամյա դերասանը ծանր հիվանդ էր եւ մի քանի տարի առաջ ծանր կաթվածի հետեւանքով կորցրել էր խոսելու ունակությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես գրում է dni.ru-ն, Բելյավսկին ավելի քան 100 ֆիլմերում է նկարահանվել, մի քանի հարյուրը՝ հնչյունավորել, նաեւ դարձել է բրիտանացի երգիծաբան Բենի Հիլլի ձայնը։

Նրան ամենաշատ հռչակ են բերել այնպիսի անմահ ստեղծագործություններ, ինչպիսիք են  «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Չորս տանկիստները եւ շունը»։ Նրա վերջին գործերից է «Ճակատագրի հեգնանքի» շարունակությունը՝ նկարահանված 2007թ.։ Իսկ 4 տարի առաջ դերասանի  53-ամյա կին Լյուդմիլան Ալեքսանդր Բորիսովիչին երեխա էր պարգեւել՝ դուստր Սաշային։