ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սեպտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ`Երեւան քաղաքի վարչության եւ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների` իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Հատուկ քննչական ծառայությունից:
«ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի վարչության եւ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկաններն իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսեւորել, այն է` 2012թ-ի օգոստոսի 12-ին` ժամը 0441-ի սահմաններում, ստացված հաղորդումը պատշաճ չեն հաշվառել եւ օպերատիվ չեն արձագանքել, ինչի արդյունքում չի կանխվել ու մինչեւ օրս չի բացահայտվել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանությունը: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ գործողություններ»,- հայտնեցին ՀՔԾ-ից:
Նշենք, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայողական քննություն էր սկսվել այն բանից հետո, երբ տուժածի մտերիմները Ոստիկանությանը մեղադրել էին դեպքի պահին իրենց ահազանգին երկուեւկես ժամ ուշացումով արձագանքելու մեջ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 12-ին Կոմիտաս փողոցի բնակարաններից մեկում խեղդամահ արված կնոջ են գտել: NEWS.am-ի տեղեկություններով` կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել: Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը: Նա 44-ամյա Լուսինե Ղազարյանն է, ով ուսուցչուհի էր աշխատում Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկում:





























