Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Ամերիկայի քաղաքացի լինելու դեպքում կքվեարկեր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերընտրման օգտին:  Նման խոստովանությամբ է հանդես եկել Բոլիվարյան հեղափոխության առաջնորդը: Նա կարծում է, որ  «հաճելի տղա» Օբամայի վերաբերմունքը փոխադարձ է: 

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Չավեսը հայտարարել է, որ Օբաման իր հերթին  վենեսուելյան առաջնորդի վերընտրման օգտին կքվեարկեր, եթե մեծացած լիներ Կարակասի բանվորական թաղամասում:  «Օբաման վերջերս շատ արդար եւ խելամիտ բան ասաց. Վենեսուելան ԱՄՆ-ի շահերի համար սպառնալիք չէ»,- հիշեցրել է Չավեսը:

Նախագահների վերընտրության դեպքում Վենեսուելան եւ ԱՄՆ-ն կարող էին նորմալ հարաբերությունների նոր փուլ սկսել, կարծում է Չավեսը: Չնայած Չավեսի ջերմ խոսքերին, գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի եւ Վենեսուելայի հարաբերությունները  լարված են, իսկ 2010 թվականից սկսած Կարակասում եւ Վաշինգթոնում ամերիկյան եւ վենեսուելյան դեսպանները չեն աշխատում, գրում է «lenta.ru»-ն:

Վենեսուելայի նախագահական ընտրությունները  հոկտեմբերի 7-ին են, իսկ ամերիկյանը` նոյեմբերի 6-ին: