Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը դեկտեմբերի 17-ին գալիս է Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Արմենիա փրոդաքշնի» գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
Աշխարհահռչակ դերասանի Երեւան այցելության առիթը Մոսկվա կինոթատրոնում դեկտեմբերի 18-ին կայանալիք «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» (С новым годом, Мамы!) ֆիլմի պրեմիերան է, որը «Մայրեր» (Мамы) ֆիլմի շարունակությունն է: «С новым годом, Мамы» ֆիլմում նկարահանվել է ոչ միայն Ալեն Դելոնը, այլեւ այլ հայտնի դերասաններ, որոնք եւս կգան Հայաստան, օրինակ` Պավել Վոլյա, Իրինա Ռոզանովա, Գարիկ Խառլամով, Ելիզավետա Բոյարսկայա, Կոնստանտին Կրյուկով եւ այլք: Այսպիսի աստղաբույլի մասնակցությամբ նկարահանված ֆիլմը հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու դեկտեմբերի 27-ից` Մոսկվա կինոթատրոնի էկրանին: «Ֆիլմում Ալեն Դելոնի ներկայությունը ապահովել է «Արմենիա փրոդաքշնը»: Մոտ մեկ տարի ենք կորցրել, որպեսզի ապահովենք նրա ներկայությունը ֆիլմում, նա տարիներ առաջ հայտարարեց, որ այլեւս ոչ մի ֆիլմում չի ներկայանալու: Մեզ մոտ ատացվեց, պայմանավորվեցինք եւ դերասանը սիրով համաձայնեց նկարահանվել մեր ֆիլմում»,- ասաց ֆիլմի պրոդյուսեր Վալերի Սահարյանը:
Ֆիլմի ռեժիսորներն են հայազգի հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, Արտյոմ Մաքսիմենկոն, Դմիտրի Գրաչովը, Կլիմ Պոպլավսկին, Անտոն Բորմատովը, պրոդյուսերներն են Ղեւոնդ Անդրեասյանը, Գեորգի Մալկովը, համապրոդյուսերն է` Վալերի Սահարյանը:
Նշենք, որ ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է, կինոալմանախ` բաղկացած 5 տարբեր նովելներից, որոնք ներկայացնում են 5 տարբեր ռեժիսորներ: Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում. Ալեն Դելոնի մասը նկարահանվել է Ֆրանսիայում: Ֆիլմի գլխավոր թեման մայրերի հանդեպ սերն է, հերոսը փորձում է իրականացնել իր մոր երաղանքը, ով ամբողջ կյանքում երազել է տեսնել Ալեն Դելոնին: Հերոսը կազմակերպում է այցելությունը Փարիզ, եւ այդտեղ էլ նրա մայրը պատահական հանդիպում է Ալեն Դելոնին, սակայն ինչպես ասում են` պատահականությունները պատահական չեն լինում: Ֆիլմի բյուջեն 6 միլիոն դոլար է, տեւողությունը` 90 րոպե:
Վալերի Սահարյանը վստահ է, որ այս ֆիլմը եւս կունենա հաջողություն եւ մեծ հետաքրքրություն կառաջացնի հայկական լսարանի մոտ:





























