ԱՄՆ-ում նախընտրական առաջին բանավեճում հաղթել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին: Այդպիսին են ORC International-ի հետ CNN-ի համատեղ անցկացված հարցման արդյունքները: 

Ռոմնիի օգտին իրենց ձայնն են տվել հարցվածների 67%-ը: Բարաք Օբամային հաղթող են ճանաչել  25%-ը:

Ըստ պատասխանողների 61%-ի՝ Օբաման հանդիպմանը վատ է ելույթ ունեցել: 82%-ը կարծում է, որ Ռոմնին սպասվածից լավ է հանդես եկել, նաեւ, 58%-ի կարծիքով, հանրապետական թեկնածուն իրեն  որպես ավելի ուժեղ առաջնորդ է դրսեւորել: Գործող նախագահի մասին նույնն են ասել պատասխանողների միայն 37%-ը:

Հեռախոսային հարցմանը մասնակցել է 430 մարդ, հայտնում է «lenta.ru»-ն:

Մեկուկես ժամանոց բանավեճը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի երեկոյան` Դենվերի համալսարանում:  Հանդիպման հիմնական թեման տնտեսությունն է եղել:

Թեկնածուների հաջորդ հանդիպումը կկայանա Հեմփսթեդում` հոկտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 11-ին բանավեճ կանցկացնեն նրանց գործընկերները, որոնք առաջադրվում են  փոխնախագահի պաշտոնի համար` Ջո  Բայդենը եւ Փոլ Ռայանը: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան  նոյեմբերի 6-ին: