Բարաք եւ Միշել Օբամաները հոկտեմբերի 4-ին տոնում են ճենապակե ամուսնությունը: ԱՄՆ-ի նախագահը Twitter–ում շնորհավորել է կնոջը ամուսնության 20-ամյակի կապակցությամբ եւ տեղադրել է իրենց ամուսնական լուսանկարը:

«20 տարի առաջ ես ամուսնացել եմ իմ կյանքի սիրո եւ իմ լավագույն ընկերոջ հետ: Շնորհավոր, Միշել»,-գրել է ԱՄՆ նախագահը Օբաման, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Միշել Օբաման նույնպես շնորհավորել է ամուսնուն` նրան պատասխանելով իր Twitter-ում: «Շնորհավոր, Բարաք, Շնորհակալ եմ քեզ, որ ամեն օր դու շարունակում ես մնալ հրաշալի գործընկեր, ընկեր, հայր: Ես քեզ սիրում եմ» , - գրել է նա:

Զույգի ամուսնական տարեդարձին նվիրված առանձին էջ հայտնվել է նաեւ նախագահի նախընտրական կայքում, գրում է «Ռոսբալտը»: Այնտեղ տեղադրվել է Բարաքի եւ Միշելի հարցազրույցների հատվածներից կազմված հոլովակ, որտեղ նրանք խոսում են իրարից եւ ընտանեկան հարաբերություններից: Բոլոր ցանկացողները կարող են զույգին շնորհավորական բացիկ ուղարկել: