Նիկոլա Սարկոզին, որը գարնանը պարտվեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, մտադիր է 2017թ. կրկին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին Daily Telegraph-ին հայտնել է Ֆրանսիայի նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրը:

Թերթը մեջբերում է Սարկոզիի խոսքերը, ով հայտարարել էր, որ «հինգ տարուց Ֆրանսիան կարող է աղետալի դրությունում հայտնվել, եւ ինքն այլընտրանք չունի, պետք է 2017թ. կրկին զբաղեցնի նախագահի պաշտոնը»:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մայիսյան ընտրություններին պարտվելու դեպքում վերջնականապես կավարտի քաղաքական կարիերան եւ «փող վաստակելով» կզբաղվի, հայտնում է «Վեստի FM»-ի կայքը:

«Հարցն իմ վերադառնալը չէ: Հարցն այն է, թե արդյոք ես չվերադառնալու բարոյական իրավունք ունեմ ֆրանսիացիների հանդեպ: Ես չեմ կարող ֆրանսիացիներին հանձնել բախտի քմահաճույքին», - նախկին նախագահի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահ էր ընտրվել 2007թ.: Այս տարվա մայիսի նախագահական ընտրություններում նա պարտվել էր ձախ ընդդիմադիրների առաջնորդ Ֆրանսուա Օլանդին: