Ֆիլիպինների նախկին նախագահ Գլորիա Մակապագալ Արոյրոյին մեքենայության մեջ են մեղադրել:

Դատարանը նրա կալանավորման իրավունք է տվել: Նախկին նախագահին մեղադրում են Philippine Charity Sweepstakes Office (PCSO) բարեգործական հիմնադրամից 5,5 միլիոն եվրո վատնելու, ինչպես նաեւ 2007 թվականին Սենատի ընտրություններում կեղծիքների համար:

Ինչպես BBC News-ին վկայակոչելով հայտնում է  KM.RU-ն, Արոյրոյին  ձերբակալել են հիվանդանոցում: Ֆիլիպինյան դատարանը նաեւ PCSO-ի նախկին աշխատակիցներին ձերբակալելու հրաման է տվել, այդ թվում`կազմակերպության նախագահ Սերխիո Վալենսիային, փոխնախագահ Ռոսարիո Ուրիարտեին եւ հիմնադրամի տնօրենների խորհրդի մի քանի անդամների:

Գլորիա Արոյրոն պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2001-2010 թթ.: Առաջին անգամ նա ձերբակալվել էր 2011 թվականի նոյեմբերին երկիրը լքելու փորձի ժամանակ, սակայն շուտով գրավի դիմաց ազատվել էր: Նախկին նախագահը կարծում է, որ Ֆիլիպինների ներկայիս ղեկավար Բենինյո Ակինոն պարզապես իրենից վրեժ է լուծում: