Նշանավոր հայ երաժիշտ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը ելույթ է ունեցել լոնդոնյան Barbican բեմում` իրանցի կատարող Հոսեյն Ալիզադեի հետ: Ալիզադեն սիտարի վրա նվագող նշանվոր երաժիշտներից մեկն է: Երկու երաժիշտների համագործակցությունը շարունակվում է ավելի քան 10 տարի:

BBC-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Գասպարյանը նկատել է, որ այլազգի երաժիշտների հետ հանդես գալու խնդիր չունի:

«Ես քաղաքականաությամբ չեմ զբաղվում: Ես միայն արվեստով եմ զբաղվում եւ արդեն 73 տարի հանդես եմ գալիս պրոֆեսիոնալ երաժշտությամբ»,- ասել է նա` խոսելով թուրք եւ ադրբեջանցի երաժիշտների հետ ելույթների մասին: Նա պատմել է, որ երբ նախկինում Բաքու էր մեկնում, հանդես էր գալիս բազմաթիվ ադրբեջանցի երաժիշտների հետ:

«Մենք լավ բարեկամներ էինք: Այդ հիմա է տեղի ունենում ամեն տեսակ տհաճ բաներ: Դա քաղաքականությունն է... մարդկանց վնասում է քաղաքականությունը: Այն սպանում է ժողորդին: Չի կարելի: Արվեստի մարդիկ չպետք է կապ ունենան դրա հետ: Եւ ընդհանրապես, ժողովուրդները պետք է սիրեն իրար, այլ ոչ թե սպանեն: Մաֆիոզները ապակողմնորոշում են դժբախտ ժողովուրդներին, իրար դեմ են հանում, իսկ հետո կողք են կանգնում եւ հարստանում են մարդկանց հաշվին: Ինչո՞ւ ենք մենք մեր ձեռքը վերցնում զենքը, ինչո՞ւ ենք սպանում մարդկանց: Չէ ՞ որ  մենք սիրում ենք աշխարհը, սիրում ենք գեղեցիկ խոսքեր, պարել, գարեջուր խմել...Սայաթ Նովան ասել է «Աստծուն սիրիր, հոգին սիրիր, կնոջը սիրիր» ահա այսպես պետք է ժողովուրդները ապրեն իրար հետ: Այդ պատճառով ես չեմ սիրում քաղաքականությունը»,-ասել է երաժիշտը:

Խոսելով ժանրային սահմանների մասին` Ջիվան Գասպարյանը, ով հանդես է եկել բազմաթիվ նշանավոր երաժիշտների հետ, ովքեր ներկայացնում են ամենատարբեր ժանրերը, ոճերը եւ երաժշտության տեսակները, նշել է, որ այդ հարցում դժվարություններ իհարկե կան. « Հեշտ չէ, «մտնել» ժանրի մեջ եւ միանգամից սկսել նվագել: Այսինքն , եթե հասկանում ես այս կամ այն ժանրը, ապա, իհարկե, հեշտ է: Եթե ոչ`, ապա կարող ես ամեն ինչ փչացնել»,-նշել է նա, իսկ հետո հպարտացել է, որ կարող է նվագել անգամ առանց փորձերի: «Ինձ հետ նման մի դեպք է տեղի ունեցել: Մի անգամ Ամերիկայում Լայնլ Ռիչին ինձ հրավիրել է նվագել իր երգերից մեկը: Ես գնացել եմ նրա մոտ` դուդուկը գրպանս դնելով: Գիշերվա 11-ն էր»,-պատմել է նա: Լսելով երգը միայն մեկ անգամ, Ջ. Գասպարյանը ասել է, որ կարելի է արդեն ձայնագրություն անել: Ռիչին միանգամից կանչել է մասնագետներին, հնչյունայիններին, միացրել է ձայնագրությունը եւ ես նվագել եմ իմ հատվածը: Դրանից հետո Ռիչին Ջիվանին «աշխարհի լավագույնն է» անվանել:

Խոսլեով իր գործիքից` երաժիշտը նշել է, որ «պետք է մարդկանց բացատրել, որ դուդուկը աղքատիկ գործիք չէ», «Պետք է անընդհատ մտածել, ինչպես նվագել, ինչ նվագել, ինչ մակարադակով, որպեսզի եվրոպացին հասկանա, որ սա արվեստ է: Պետք է մարդկանց բացատրել, որ դուդուկը աղքատիկ գործիք չէ: Փոքրիկ է, բայց զգացմունքային եւ վառ: Նախկինում կարծել են, որ դուդուկ կարող են նվագել միայն արհեստավորները: Այսօր ողջ աշխարհը դուդուկ է նվագում: Ամերիկացիներն են նվագում: Այստեղ Լոնդոնում ես երեք աշակերտ ունեմ, նրանք բոլորը անգլիացիներ են», պատմել է Ջ. Գասպարյանը: