Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է «Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի» բացմանը արարողությանը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից, ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի կառավարության հինգ գերակա ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն է: «Առաջիկա տարիներին պետական բյուջեի միջոցները բաշխելիս նախապատվությունը տրվելու է տարածքների համաչափ զարգացմանը, քանի որ դրանց անհամաչափ զարգացվածությունը մի կողմից խոչընդոտում է Երեւանի զարգացմանը, որովհետեւ գերկենտրոնացվածությունը ծանրաբեռնվածություն է ստեղծում, մյուս կողմից նպաստում է, որպեսզի մարզերում բնակվող քաղաքացիներն իրենց տարբեր` կրթական, մասնագիտական եւ այլ պահանջները բավարարելու համար ստիպված լինեն մեկնել մայրաքաղաք, ինչը սխալ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը մարզերն ու համայնքները համեմատության մեջ դիտարկելու նպատակով մշակել է մեթոդներ, որի շնորհիվ կառավարությունը կարողանում է ֆիքսել սոցիալապես խոցելի համայնքներն ու ֆինանսական օժանդակությունն առաջին հերթին ուղղել այդ համայնքներին:

Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ համայնքների զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկն էլ ճանապարհաշինությունն է: «Նախընտրական այցերի ժամանակ հնարավորություն ունեցանք լսել համայնքների ղեկավարներին: Արձանագրեցինք, որ մեծամասնությունն առաջնային է համարում ճանապարհաշինությունը: Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք լրացուցիչ ֆինանսներ ներդնել` միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ, քանի որ այն ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում մարդկանց գործունեության համար»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ դպրոցաշինությունը: Վարչապետի տեղեկացմամբ` հանրապետության 1400 դպրոցներից 300-ը ներկայում կապիտալ վերանորոգման կարիք ունեն, իսկ պետությունը դեռեւս կարողանում է տարեկան 59 դպրոցների վերականգնման ֆինանսներն ապահովել: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ Եվրամիությանեւ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ կազմակերպվելիք դոնորների համաժողովին ներկայացվելու է Հայաստանում բարեփոխումներիեւ ենթակառուցվածքների զարգացման մեծ փաթեթ, այդ թվում դպրոցների վերականգման ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով: Վարչապետի հավաստմամբ` բազմաթիվ այլ ենթակառուցվածքային խնդիրներ`ջրամատակարարման, գազիֆիկացմանեւ այլն,եւս լինելու են գործադիրի ուշադրության կենտրոնում:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության արդիականացման աշխատանքները: «Հանրապետության նախագահը երկու տարի առաջ խնդիր դրեց, որպեսզի պետությունը լուրջ օժանդակություն ցուցաբերի գյուղատնտեսությանը: Մենք մշակեցինք սերմնաբուծության ծրագիր,եւ դա արդեն իսկ տվել է իր դրական ազդեցությունը. ներմուծված էլիտար սերմերը հնարավորություն տվեցին էապես բարձրացնել սերմնարատադրությունը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ պետությունը գյուղացիների համար սուբսիդավորում է պարարտանյութի եւ դիզվառելիքի սակագները: Նշելով, որ Վանաձորի քիմիական կոմբինատում աշխատանքներ են տարվում պարարտանյութի արտադրության զարգացման ուղղությամբ՝ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ կոմբինատը կկարողանա այնպիսի ծավալների պարարտանյութ արտադրել, որպեսզի 2013 թվականին ամբողջությամբ բավարարվի գյուղացիական բոլոր տնտեսությունների պահանջարկը:

«Գյուղատնտեսության արդիականցումը ենթադրում է ժամանակակից արտադրողականություն, նոր տեխնիկայիեւ մեթոդների կիրառում: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ հանրապետության 50 համայնքներում սկսել ենք կոոպերատիվների ձեւավորման աշխատանքները, որի շրջանակում պետությունը նոր գյուղտեխնիկա է տրամադրում վերջիններիս: Հայտ ենք ներկայացրել Համաշխարհային բանկին, որպեսզի այս ծրագրին մասնակից համայնքների թիվը հաջորդ տարի կրկնապատկվի»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ 2013 թվականի պետական բյուջեով գյուղացիական տնտեսություններին տրամադրվելիք արտոնյալ վարկերի նպատակով ուղղվելու է 7,5 մլրդ դրամ, իսկ վարկային տոկոսները կսուբսիդավորվեն պետության կողմից:

Հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման ոլորտի արդի հիմնախնդիրներն ու գյուղական համայնքների կայուն զարգացմանն առնչվող հարցեր:

Համաժողովին մասնակցում են պետական կառավարման մարմինների, համայնքների, տեղական ինքնակառավարման համակարգի հետ աշխատող տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Յուրաքանչյուր մարզ համաժողովին մասնակցում է մարզպետի գլխավորությամբ առանձին պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված կլինեն տասը համայնքապետեր: