Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ նախ եղել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր մասնաշենքում, ծանոթացել վերջինիս հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
ՀՀ կառավարության ղեկավարը տարբեր գերատեսչական մարմինների եւ կառուցապատող շինարարական ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Զեկուցվել է, որ շենքի շինաշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա հունիսի 1-ին եւ կավարտվեն 2013թ.-ին: Վարչապետին վստահեցվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի եւ բարձր որակով: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքները շարունակել՝ հաշվի առնելով նաեւ տեխնոպարկի շենքի պատմամշակութային նշանակությունը:
«Տեխնոպարկի շինաշխատանքներն արագ տեմպերով շարունակվում են: Իր հերթին, միջազգային D-Link ընկերությունը տեխնոպարկին կից մտադիր է նոր կառույց հիմնել, որտեղ կտեղակայվեն ընկերության մասնաճյուղերը: Այսպիսով, տեխնոպարկի գաղափարը դառնում է իրականություն, ինչը եւ խոստացել էինք գյումրեցիներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը:
Տեխնոպարկում ներկայում գործունեություն են ծավալում 7 սկսնակ ընկերություններ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, էներգետիկայի եւ ոսկեգործության ոլորտներից, ընդհանուր 28 աշխատատեղերով: Գործում է նաեւ D-link ընկերության հետազոտական եւ թեստավորման կենտրոնը: Մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը նախատեսվում է նաեւ E-WORKS, INTRACOL եւ «Մակադամիան» ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը:
Տեխնոպարկում, որտեղ ապագայում հնարավոր կլինի ապահովել մինչեւ 300 աշխատատեղ, այժմ նաեւ իրականացվում են կրթական ծրագրեր` մուլտիմեդիայի, մեխանիկայի, էլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության, ինչպես նաեւ եռաչափ մոդելավորման ոլորտներում: Շրջանավարտները պրակտիկայի ավարտից հետո կանցնեն աշխատանքի տեխնոպարկում հիմնվող կազմակերպություններում:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Մարալիկում շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի առաջին համալիրը: Այն բաղկացած է 59 բնակարաններով երեք շենքերից՝ 103 անձի համար: Բնակարանները կահավորված են անհրաժեշտ գույքով: Սոցիալական բնակարաններում բնակվելու են մանկատան շրջանավարտներ, միայնակ տարեցներ եւ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ:
«Այս ծրագիրը կառավարության նոր նախաձեռնությունն է: Պետությունը, ձեւավորելով սոցիալական բնակարանային ֆոնդ, կարիքավոր ընտանիքներին կկարողանա ապահովել բնակարաններով: Հետագայում այս փորձը տարածելու ենք նաեւ այլ մարզերի վրա: Այնպես որ, հաջողված ենք համարում սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգը»,- ասել է վարչապետը:
Բնակարանամուտ տոնած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին նման ծրագիր կյանքի կոչելու եւ սոցիալապես կարիքավորների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:
Ծրագրի շրջանակում առաջիկայում Մարալիկում շահագործման է հանձնվելու եւս երկու նմանատիպ շենք: Եվս մեկ շենք ներկայում վերակառուցվում է Երեւանում, ինչի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են համապատասխան միջոցներ:
Սոցիալական բնակարանները համալիր կազմակերպելու նպատակով փոխանցվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:





























