Այսօր, ժամը 17-ին Լոռու մարզի Շամուտ- Աթան ճանապարհի 1 կմ –ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված ուղեւոր 1983 թ. ծնված Մհեր Ասատրյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնեցին Վանաձորի բժշկական կենտրոնից:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր՝ հոկտեմբերի 6-ին ժամը 17:00-ի սահմաններում Լոռու մարզի Շամուտ- Աթան ճանապարհի 1 կմ–ում «Միցուբիշի պաջերո» մակնիշի 32 LS 753 համարանիշի մեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանպարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Մեքենան վարել է Ալավերդիի բնակիչ, 1981թ. ծնված Հրայր Սարգսյանը:
Վթարի հետեւանքով մեքենայում գտնվող ուղեւոր, 1986թ. ծնված Լորուտ գյուղի բնակիչ Սամվել Սարգսյանը տեղում մահացել է. նա հավանաբար փորձել է բացել դուռը եւ դուրս գալ մեքենայից, սակայն, նախնական տվյալներով, հենց այդ պահին մեքենան շրջվել է նրա վրա:
Մեքենայում եղել է նաեւ 1983 թ. ծնված Մհեր Ասատրյանը, ում ծանր վիճակով անմիջապես տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները ճանապարհային ոստիկանության պետ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:








Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի





























