NEWS.am-ն ահազանգ է ստացել Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչներից` իրենց շենքի դիմացի կանաչ տարածքում սկսված շինարարության վերաբերյալ: Բնակիչներն այսօր արգելել են շարունակել շինարարականաշխատանքները, որից հետո նոր միայն նրանց են ներկայացվել փաստաթղթեր, որոնց համաձայն կառուցվելու է երկհարկանի առևտրի սրահ` չնայած մինչ այդ խոսվում էր խաղահրապարակի կառուցման մասին: Բնակիչները կտրականապես դեմ են այդ նախագծին և արդեն նամակ են կազմել քաղաքապետի անունով, որի տակ այս պահին ստորագրել են մոտ 20 բնակիչ: Շինարարները խոստացել են երկուշաբթի` հոկտեմբերի 8-ի առավոտյան, գալ և սկսել բետոնապատման աշխատանքները, իսկ բնակիչները պնդել են, որ չեն թողնելու կատարել այդ աշխատանքները:

«Շինհրապարակում չկա փակցված նախագիծ, իսկ մեր հարցերին շինարարություն կատարողները չեն պատասխանում: Փաստորեն, տեղի է ունենում ինքնակամ ապօրինի շինարարություն: Ոչ մի բնակիչ նման կառույցի վերաբերյալ տեղեկացված չի եղել և համաձայնություն չի տվել և չի էլ տա»,-մասնավորապես ասվում է բնակիչների` Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանին հասցեգրված նամակում:

Նրանք նամակում խնդրում են օրենքով սահմանված ժամկետում իրենց հստակ և մանրամասն տեղեկատվություն տրամադրել երկու հարցի վերաբերյալ. «1.Կա՞ արդյոք ճարտարապետահատակագծային առաջադրանք, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություն և շինարարության թույլտվություն տվյալ շինարարության համար: Եթե այո, խնդրում ենք տրամադրել այդ հաստատված եզրակացություններն ու թույլտվությունները: 2. Երբ՞ և ինչպե՞ս են տեղեկացվել շրջակա շենքերի բնակիչները այդ շինարարության մասին:

Մինչ այդ խնդրում ենք միջամտել և կասեցնել ապօրինի շինարարությունը, որպեսզի բնակիչները բնականաբար ստիպված չլինեն այլ միջոցների դիմելու»: