Էջմիածին քաղաքի 2697-ամյակի միջոցառումների շրջանակում Էջմիածնում այսօր` հոկտեմբերի 7- ին մեկնարկեց ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության քաղաքներ կազմակերպության (ՀԺՔԿ) ընդհանուր ժողովը  տնօրենների խորհրդի նիստը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և մի շարք այլ անձինք:

Քաղաքապետարանի դահլիճում տոնական համերգ տեղի ունեցավ, որին ներկա էին ՀԺՔԿ նախագահ Հարի Բրինքմանը, փոխնախագահ Ժորժ Կաստրոն եւ ՀԺՔԿ եւս 17 անդամներ:

Նիստի սկզբում օրհնանքի խոսք ասաց Վեհափառ հայրապետը: «Այսօր ուրախություն ենք ապրում ամենքս, քանի որ մեր օրհնյալ քաղաքի տարեդարձն է: Դարեր շարունակ աշխարհի տարբեր ծայրերից այս քաղաք են այցելել բազում հայորդիներ եւ ուխտավոր հյուրեր, քանի որ Սուրբ Էջմիածինը համայն հայ ժողովուրդի հոգեւոր կենտրոնն է»,-նշեց  նա: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Ամենայն հայոց կաթողիկոսին շնորհեց Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ ՀԺՔԿ նախագահ Հարի Բրինքմանը հռչակվեց քաղաքի բարեկամ:

Տեղի ունեցավ նաեւ Էջմիածնի առաջին երաժշտական դպրոցի բացման արարողությունը: 1969 թ-ին կառուցված  դպրոցը պետբյուջեից հատկացված 130 միլիոն դրամով վերանորոգվել էր:

Էջմիածին քաղաքում տոնական միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 7-9-ը։ Հիշեցնենք, որ Էջմիածնի տոնը նշվում է 2009 թվականից: Այս տարի տոնվում է քաղաքի հիմնադրման 2697-ամյակը: Քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի 8-ին, ինչը յուրահատուկ խորհուրդ ունի: 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը հայ գրերի գյուտն արած վերադառնում էր հայրենիք, հոկտեմբերի 8-ին նրան Էջմիածնում դիմավորում է  ժողովուրդը` Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ: